երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտի ներկայացուցիչների հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Սպորտի քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը:

Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտի որակական զարգացմանը միտված մի շարք հարցեր: Քննարկման առանցքային թեմաները վերաբերել են «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի վերջին փոփոխությամբ ֆիթնեսի ոլորտում գործող մասնավոր ընկերությունների համար նախատեսվող նոր կարգավորումներին` ֆիթնես կենտրոնների գործունեության նորմատիվ պահանջներին, գույքի չափորոշիչներին, առողջապահական վերահսկողությանը, մարզիչների հավաստագրման գործընթացին և այլն:

«Հաստատվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի համապատասխան փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է ֆիթնեսի ոլորտում ավելի կարգավորված ծառայությունների մատուցում: Այս օրենսդրական փոփոխությունները կատարվել են ոլորտում աշխատող կազմակերպությունների հետ համատեղ քննարկումների արդյունքում: Նախընթաց շրջանում նույնպես նախարարությունում կազմակերպվել էին հանդիպումներ, և ոլորտի ներկայացուցիչները բարձրացրել էին մի շարք հարցեր, մասնավորապես՝ մարզիչների որակավորման և հավաստագրման չափանիշների և, ըստ այդմ, նաև տրամադրվող ծառայությունների որակի և ոլորտում վերահսկողության հետ կապված: Նշված բոլոր խնդիրները շատ կարևոր են ծառայություններից օգտվող շահառունների համար՝ թափանցիկ ու հասկանալի դաշտ ձևավորելու առումով»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ նախատեսվող հետագա կարգավորումներում նույնպես կարևորվում են ոլորտում գործող ընկերությունների մասնագիտական կարծիքներն ու դիտարկումները:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է պետության կողմից անհրաժեշտ կարգավորումներ և չափանիշներ սահմանելու անհրաժեշտությանը: Նա քննարկման մասնակիցներին առաջարկել է իրենց կարծիքներն ու դիտարկումները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն` ընդգծելով, որ հետագա գործընթացը պլանավորելիս դրանք անպայման հաշվի կառնվեն։ Նշվել է, որ նման ձևաչափով հանդիպումները կլինեն շարունակական:

 

  • Կիսվել: