կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զեյթունի ուսանողական հանրակացարանը կվերանորոգվի, որը թույլ կտա կրկնապատկել այնտեղ կեցություն ունենալու հնարավորությունը. Ժաննա Անդրեասյան

Զեյթունի ուսանողական հանրակացարանը կվերանորոգվի, որը թույլ կտա կրկնապատկել այնտեղ կեցություն ունենալու հնարավորությունը. Ժաննա Անդրեասյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարց ուղղեց անշարժ գույքի վարձակալության պայմաններում ուսանողական հանրակացարանների վիճակի մասին:

«Հանրակացարանները և ուսանողների կեցությունը ընդհանուր առմամբ համակարգային խնդիր են, և երկարաժամկետ կտրվածքով այդ հարցը լուծվելու է Ակադեմիական քաղաքի շրջանակներում, որտեղ նախատեսված է ամբողջական համալիր, որտեղ նաև ուսանողների ու դասախոսների կեցության հնարավորություններ են լինելու»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Խոսելով ներկա պահին եղած լուծումների մասին՝ նախարարը հիշեցրեց Զեյթունի ուսանողական հանրակացարանի մասին, որն այս պահին լավ վիճակում չի գտնվում, և բյուջեով պլանավորված է դրա վերանորոգման աշխատանքը, որը, Անդրեասյանի համոզմամբ, թույլ կտա կրկնապատկել այնտեղ կեցություն ունենալու հնարավորությունը:

«Եթե այս պահին շուրջ 200 ուսանող է կարողանում այստեղ իրենց կեցությունը ապահովել, ապա արդեն 400 ուսանողների համար սա կլինի նորմալ հանրակացարան: Բայց նաև մեր բուհերում տարեցտարի ավելանում է օտարերկրյա ուսանողների թիվը: Մեր ռազմավարության թիրախ է օտարերկրյա ուսանողների առնվազն կրկնապատկումը. ուստի առաջնահերթ մեր աշխատանքների թիրախում է Ակադեմիական քաղաքի հետ կապված աշխատանքները տեմպով իրականացնելը: Ինչ վերաբերում է մեր մարզաբնակ ուսանողներին, պետք է հիշեցնեմ Կառավարության ևս մեկ ծրագիր, որը սեպտեմբերից մեկնարկեց, կրթաթոշակի նոր մոտեցումն է, որով մասնավորապես այս պահին մանկավարժական ուղղություններով բնագիտական ուղղությունների ուսանողների համար ստեղծվել է առնվազն 70 հազար դրամ ամսական կրթաթոշակի հնարավորություն, որը թույլ կտա նաև սոցիալական խնդիրներին ուղղել այդ միջոցները, և դա կընդլայնի կեցությունն ապահովելու նրանց հնարավորությունները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վերանորոգման ժամկետներին, ապա Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նախագծման գործընթացն արդեն ավարտվել է: «Մենք շինարարության փուլի պետք է գնանք, և հունվարից ֆինանսավորումը պլանավորված է»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: