երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնի պետին առանց հիմքի ձերբակալել են․  Հակոբյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնի պետին առանց հիմքի ձերբակալել են․ Հակոբյան

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խուզարկել են բաժնի պետերի աշխատասենյակները, առանց հիմքի բերման են ենթարկել բաժնի պետ Արմեն Անդրեասյանին: Այս մասին ասել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը:

«Խուզարկել են նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի բնակարանը, ինչից հետո նրան տեղափոխել են Երևան»,- ասաց նա:

Հակոբյանը շեշտեց, որ խուզարկությունների արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։ 

«Ես պնդում եմ՝ սա քաղաքական հետապնդում է, քանի որ Քաջարան քաղաքը միակն է, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է»,-հավելեց Հակոբյանը:

«Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ նույնպես քաղաքական վենդետա  է իրականացվում։ Չակերտավոր ասած՝ ժողովրդավար վարչապետը, ասում էր՝ պետք է համերաշխության դաշտ գանք, բայց անում է ճիշտ հակառակը, նենգաբար մուռ է հանում, այն մարդկանցից, ում քաղաքացիական հայացքներն իրեն չի հաճոյացնում»,-ասաց մեր զրուցակիցը, խոսելով Առուշյանի նկատմամբ հարուցված քրեական գործից:

Անդրադառնալով Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի ձերբակալության հանգամանքին, Վահե Հակոբյանը նշեց.

«Քարահունջի ղեկավարին նպատակային են ձերբակալել, որ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տա։ Ինչպես քաղաքացիներին են վախեցնելով, օգտագործելով նրանց անգրագիտությունը ցուցմունք կորզել Քարահունջի ղեկավարի դեմ, նույնը փորձում են անել Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի հետ»:

  • Կիսվել: