հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քոքոբելյանի զարմիկը պարզաբանել է «ՄարցաՀԷԿ-ի» առք ու վաճառքի շուրջ մամուլի հրապարակումները՝ հերքելով դրանցում տեղ գտած բազում տվյալներ

Քոքոբելյանի զարմիկը պարզաբանել է «ՄարցաՀԷԿ-ի» առք ու վաճառքի շուրջ մամուլի հրապարակումները՝ հերքելով դրանցում տեղ գտած բազում տվյալներ

«Արգիշտի-2» ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Յուրի Քոքոբելյանը հերքել է «Ազատություն» ռադիոկայանի կողմից հրապարակված հոդվածում տեղ գտած տվյալները՝ վերաբերող Մարց գետի վրա գործող հիդրոկայանի առուվաճառքի գործարքին․

՛՛Ազատություն ռադիոկայանի կողմից հրապարակված «Դարբինյանների և Քոքոբելյանների կասկածելի գործարքը. Մարց գետի վրա գործող հիդրոկայանը վաճառվել է 50 հազար դրամով» վերտառությամբ հոդվածում առկա է ակնհայտ խեղաթյուրանք և իրականությանը չհամապատասխանող տվյալներ, որոնք, մեր գնահատմամբ, իրականացվել է միտումնավոր՝ վնասելով «Արգիշտի-2» ՍՊԸ-ի և ՍՊԸ-ի սեփականատիրոջ գործարար համբավը, ստեղծելով թյուրըմբռնում, թե Մարց գետի վրա գտնվող ՀԷԿ-ը ձեռք է բերվել 50 հազար դրամ արժեքով: Այս ակնհայտ սուտ և մանիպուլյատիվ հոդվածին չէինք անդրադառնա, եթե վերջին օրերին այս հոդվածի վերաբերյալ չլինեին ակնհայտ ուղղորդված շահարկումներ: Այդ իսկ պատճառով հարկ ենք համարում տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ վերոնշյալ ՀԷԿ-ը ունեցել է խնդիրներ վարկային պարտավորությունների պատշաճ կատարման հետ կապված, բացի այդ տեխնիկական ինչ-ինչ պատճառներով աշխատել է ոչ իր ամբողջ դրվածքային հզորությամբ, և բանկի, նախկին սեփականատիրոջ և իմ միջև եռակողմ համաձայնությամբ տեղի է ունեցել ՀԷԿ-ի առուվաճառքի գործարքը, որի ընդհանուր արժեքը կազմել է 2,300,000 ԱՄՆ դոլար + 50,000 ՀՀ դրամ, որտեղ 2,300,000 ԱՄՆ դոլարը ՍՊԸ-ի նախկին սեփականատիրոջ կողմից բանկի նկատմամբ չկատարված վարկային պարտավորությունն է, իսկ 50 հազարը՝ բաժնեմասի անվանական արժեքը /կից ներկայացնում եմ գործարքի վճարման հանձնարարականը/:

Նշեմ, որ մեր ընտանիքի տնտեսական գործունեությունը միշտ թափանցիկ է իրականացվել և որևէ մեկից երբեք որևէ հարց թաքցնելու կարիք չենք ունեցել, սակայն միայն այն հանգամանքը, որ ֆեյսբուքյան տիրույթում նախկին և ներկա իշխանությունների արբանյակներ հանդիսացող մի շարք օգտատերերի կողմից դրա տարածումն ու հորեղբորս՝ Խաչատուր Քոքոբելյանի և իր գլխավորած կուսակցության անուն անհարկի շրջանառելն ունի հստակ և ուղղորդված քաղաքական ենթատեքստ: Վստահեցնում եմ՝ այստեղ էքշըններ փնտրելն անհաջող փորձ է, և խորհուրդ ենք տալիս ոմանց իրենց ձախողումների և չկայացվածության արդարացումները փնտրել իրենց իսկ անձնական տիրույթում:

Ավելորդ չեմ համարում նաև տեղեկացնել, որ ընկերության տնօրեն հանդիսացող Արմեն Փաշինյանը որևէ կապ և առնչություն չի ունեցել ՀԷԿ-ի առուվաճառքի հետ, վերջինս պարզապես ընկերության տնօրենն է և իրականացնում է իմ՝ Ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատիրոջ կողմից իրեն վերապահած գործառույթները:

Մեզ համար նաև ցավալի է, որ Ազատություն ռադիոկայանի նման պրոֆեսիոնալ լրատվամիջոցը թույլ է տվել նման հոդվածի հրապարակումը, որը որևէ աղերս չունի լրագրության տարրական կանոնների հետ՝ այն է անաչառություն և բազմակողմանի լուսաբանում, ավելին՝ ակնհայտ ուղղորդող վերնագրով լրատվամիջոցն իր կանխակալ վերաբերմունքն է արտահայտել, ինչն իրեն պրոֆեսիոնալ համարող լրատվամիջոցի համար պարզապես անթույլատրելի է:

Ուստի, հիմք ընդունելով վերը նշված հանգամանքները , ինչպես նաև Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, պահանջում ենք Ազատություն ռադիոկայանից հրապարակել սույն տեքստը՝ որպես 08.07.2022թ. –ին լրատվամիջոցի կողմից հրապարակված «Դարբինյանների և Քոքոբելյանների կասկածելի գործարքը. Մարց գետի վրա գործող հիդրոկայանը վաճառվել է 50 հազար դրամով» վերտառությամբ հոդվածի հերքում:

Հարգանքով՝ Յուրի Քոքոբելյան

«Արգիշտի-2» ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր՛՛,-ասված է պարզաբանման մեջ։

  • Կիսվել: