ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
Սպիտակ համայնքում նախընտրական ավտոերթին խոչընդոտելու մասին ահազանգ ենք ստացել. ՀՔԱՎ

Սպիտակ համայնքում նախընտրական ավտոերթին խոչընդոտելու մասին ահազանգ ենք ստացել. ՀՔԱՎ

Անկախ դիտորդ դաշինքը ահազանգ է ստացել Սպիտակ համայնքից՝ «Բարոյական արժեքներ» կուսակցության կողմից նախընտրական հավաք՝ ավտոերթ իրականացնելու խոչընդոտման մասին։ Այս մասին հայտնում են ՀՔԱՎ–ից։

Նոյեմբերի 26-ին կուսակցությունը համայնքապետարան է ներկայացրել քարոզարշավի վերջին օրը՝ նոյեմբերի 27-ին հավաք իրականացնելու վերաբերյալ իրազեկում։ Իրազեկման գրության մեջ նշված չեն եղել մասնակիցների քանակը, երթուղին, «Հավաքների մասին» 14-րդ հոդվածով նախատեսվող իրազեկման ենթակա մյուս տեղեկությունները։ Գրությունը ներկայացվել էր կուսակցության լիազորված ներկայացուցչի կողմից, սակայն առանց այդ հանգամանքը հավաստող փաստաթղթերի։

Իրազեկմանն ի պատասխան՝ համայնքապետարանից ուղարկված գրությունը անդրադառնում է ստացված դիմումի թերացումներին, իսկ եզրափակիչ մասում «Հավաքների ազատության մասին» օրենքի կամայական մեկնաբանություն ներկայացնելով եզրահանգում է, որ հավաքը «օրենքի պահանջների համաձայն չի կարող անցկացվել»։

Հավաքների ազատության մասին օրենքը նախատեսում է, որ մինչև իրազեկման վերաբերյալ որոշում ընդունելը Համայնքապետարանը այն ուղարկում է ՆԳՆ ոստիկանություն՝ կարծիքի համար։ Ինչպես երևում է կից փաստաթղթերից համայնքապետարանը ՆԳՆՈ ՀՈԳՎ Սպիտակի բաժնի պետին ուղարկել է գրությունը կուսակցությանը մերժելուց հետո։ Այսինքն՝ փաստացի ոչ թե կարծիք է հարցրել, այլ տեղեկացրել է ոստիկանությանը, որ մերժում է հավաքի անցկացումը։

Անկախ դիտորդին ՆԳՆՈ ՀՈԳՎ Սպիտակի բաժնից հայտնել են, որ «Բարոյական արժեքներ» կուսակցությանը զգուշացրել են, որ հավաքը արտոնված չէ համայնքապետարանի կողմից, ուստի ամփոփիչ ելույթ չեն կարող ունենալ։ Դաշինքի հարցին ի պատասխան, թե արդյոք ոստիկանությունը միջամտելու է հավաքին, ոստիկանությունից տվել են դրական պատասխան։

Հիշեցնում ենք, որ հավաքների ազատությունը պաշտպանված է ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով և կարող է սահմանափակվել միայն պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Իրազեկման ձևական կանոններ չպահպանելը հավաքն արգելելու հիմք չեն կարող հանդիսանալ։

Ավելին, անհրաժեշտ է հաշվի առնել նախընտրական փուլում նաև Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածը նախատեսում է, որ պետությունն ապահովում է նախընտրական քարոզչության ազատ իրականացումը։

Ուստի Անկախ դիտորդը վստահ է, որ հավաքի մասին իրազեկման կանոնների խախտման հիմնավորմամբ դրա կամայական արգելումը կամ խոչընդոտումը թե՛ հավաքների ազատության, թե՛ ընտրական իրավունքների կոպտագույն խոչընդոտում է։

  • Կիսվել: