Արմավիրի քրեական ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիր քաղաքի բնակիչ 66-ամյա մի տղամարդ տանը պահում և իրացնում է թմրանյութ։
Տեղեկությունը ստուգվեց և հիմնավորվեց նոյեմբերի 14-ին։ ժամը 15․30-ի սահմաններում Արմավիրի քրեական ոստիկանները նախ Երևանում ձերբակալեցին երկու քաղաքացու, որոնք Կիլիկիա ավտոկայարանի հետնամասում գումարի դիմաց թմրանյութ էին ձեռք բերել 66-ամյա տղամարդուց։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ թմրանյութ ձեռք բերած տղամարդկանց ավտոմեքենաներից մեկում հայտնաբերվեց մարիխուանայով 5 փաթեթ, մյուսում՝ մեկ փաթեթ։
Հետագա միջոցառումների արդյունքում Արմավիրի քրեական ոստիկանները ստացան նոր տեղեկություն, որ 66-ամյա տղամարդը նոյեմբերի 17-ին նույնպես պատրաստվում է թմրանյութ իրացնել նույն վայրում։ Առավոտյան ժամը 9․25-ին քրեական ոստիկանները Կիլիկիա ավտոկայարանի հետնամասում ձերբակալեցին 66-ամյա տղամարդուն և նրա կնոջն ու տեղափոխեցին Արմավիրի մարզային վարչություն։ Խուզարկությամբ կնոջ պայուսակում հայտնաբերվեց մարիխուանայով լցված երկու փաթեթ։
Նույն օրը խուզարկություն կատարվեց նաև ամուսինների բնակության վայրում․ հայտնաբերվեց երեք փաթեթ մարիխուանա։
66-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։



