ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Յուրաքանչյուր անօրինությանը պետության պատասխանը հստակ է․ քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածի ընթացքում ուժեղացված հսկողության միջոցառումները

Յուրաքանչյուր անօրինությանը պետության պատասխանը հստակ է․ քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածի ընթացքում ուժեղացված հսկողության միջոցառումները

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ներքին գործերի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ անցկացվել է հերթական ընդլայնված խորհրդակցությունը՝ քննարկելուՍևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։
 
ՇՄՆ-ից տեղեկացնում են, որ վերահսկողության միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչները նախարարին են զեկուցել աշխատանքների ընթացքի վերաբերյալ։ Նախարարին են ներկայացվել թվային տվյալներ առգրավված ձկան և որսագործիքների քանակի վերաբերյալ։
 
Քննարկվել են վերջին օրերին գրանցված միջադեպերը։ Նախարարը իր երախտագիտությունն է հայտնել վերահսկողական միջոցառումների ապահովման գործում ներգրավված մարմինների ներկայացուցիչներին։
Նախարար Սիմիդանը ևս մեկ անգամ շեշտել է, որ սիգ ձկնատեսակի պահպանությունն իրենից պարենային անվտանգության ապահովման խնդիր է ներկայացնում։
 
«Սա բնապահպանական և անվտանգային լրջագույն խնդրի լուծմանն ուղղված միջոցառում է, որի վերջնանպատակն է ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից։
 
Յուրաքանչյուր անօրինության պետության պատասխանը հստակ է և կլինի շարունակական հստակ»,-նշել է նախարարը։
 
Վերահսկողության խիստ միջոցառումները շարունակվելու են մինչև հունվարի 20-ը։
Հիշեցնենք, որ Սևանում միջադեպ է տեղի ունեցել ձկնորսների, Ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցների ու «Սևան ազգային պարկի» ծառայողների մասնակցությամբ: Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ  տասնյակ ձկնորսների կողմից առերևույթ կատարված զանգվածային խուլիգանության համար ձերբակալվել է 26 անձ:

  • Կիսվել: