ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ընդունելության քննությունների ձմեռային փուլին մասնակցությունը անակնկալ մեծ է եղել. Նասիբյան

Ընդունելության քննությունների ձմեռային փուլին մասնակցությունը անակնկալ մեծ է եղել. Նասիբյան

Բուհերի ընդունելության քննությունները կազմակերպվել են 29 քննական կենտրոններում, հայտագրվել էր 6856 դիմորդ, բայց դա չի նշանակում, որ ունեցել ենք այդքան քննություն, դիմորդներ ունենք, որ հանձնել են երկու միասնական քննություններ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ անդրադառնալով Բուհերի ընդունելության քննությունների առաջին՝ ձմեռային փուլի կազմակերպմանը:

«Այսինքն մենք ունեինք 10817 դիմորդ-քննություն, սա նշանակում է, որ ԳԹԿ է եկել 10817 պատասխանների ձեւաթուղթ, դրանց ստուգվել են, արդյունքները հրապարակվել են, ընդունվել են նաեւ բողոքարկումներ: Այդ ամենի արդյունքները հրապարակելուց հետո փակվել է ամեն ինչ:

10817-ից ընդամենը 226 հոգի է բացակայել, որոնցից 50-ը Արցախից դիմորդներ էին, որոնք հնարավորություն չեն ունեցել Գորիսում մասնակցել միասնական քննություններին: Բացի այդ, ունեցել ենք 31 հեռացվածներ եւ երկու դիմորդ քննությունների ընթացքում առողջական խնդիրների պատճառով ընդատել են քննության աշխատանքը»,-ասաց Նասիբյանը:

Նա մանրամասնեց, որ այդ 31 դիմորդների՝ քննությունից հեռացման հիմնական պատճառը եղել է այն, որ եկել են հեռախոսներով եւ էլեկտրոնային սարքով:

Նասիբյանը նկատեց, որ եթե նույնիսկ դիմորդը գոհ է իր ստացած արդյունքներից, սակայն մտավախություն ունի, որ կարող է մրցույթից դուրս մնա, նա նորից հնարավորություն ունի քննությունները հանձնել եւ ավելի բարձր միավոր ստանալու ակնկալիք ունենալ ամռանը:

Նա ընդգծեց, որ իր համար անակնկալ է եղել, որ 6800-ից ավելի դիմորդներ կհայտագրվեն ընդունելության ձմեռային փուլի համար. «Մասնակցել է ամառային քննությունների մոտ 60 տոկոսը»,-ասաց ԳԹԿ փոխտնօրենը:

  • Կիսվել: