կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Վստահ չեմ, որ դա ճիշտ որոշում է․ Երևանի ավագանու իմքայլական անդամը՝  եկամուտների հայտարարագրման մասին

Վստահ չեմ, որ դա ճիշտ որոշում է․ Երևանի ավագանու իմքայլական անդամը՝ եկամուտների հայտարարագրման մասին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմյանն անդրադարձել է ավագանու անդամների եկամուտների ու ծախսերի հայտարարագրմանը։
 
Նա, մասնավորապես, գրել է․
 
«ԱԺ-ում քննարկվում է 15000-ից ավել բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների եկամուտների ու ծախսերի հայտարարագրման հարցը։
 
Միանգամայն պատրաստ եմ հայտարարագրել բոլոր եկամուտներս ու ծախսերս։ Միայն թե վստահ չեմ, որ դա ճիշտ որոշում է հենց այսօրվա համար՝ ավագանու ա՛յս ինստիտուտի ու կարգավորումների պայմաններում։ Արդյո՞ք արդար է հասարակական հիմունքներով աշխատող պաշտոնյայի անձնական միջոցների ու ծախսերի համար հայտարարագիր պահանջելը (այն էլ խտրաբար՝ միայն խոշոր համայնքներում)՝ ավելացնելով նրա պարտականությունները, երբ նա չունի իր պաշտոնի հետ կապված գրեթե ոչ մի իրավունք ու երաշխիք։
 
Ավագանու անդամը համայնքին ծառայում է իր ազատ ժամանակի, չվարձատրվող ջանքերի հաշվին (անգամ ավագանու հերթական նիստերին աշխատանքից բացակայելու իրավունք չունի) և շատ սահմանափակ լիազորություններով կատարում է թվացյալ պարզ, բայց իրականում ծանր ու պատասխանատու աշխատանք։ Ավելի ճիշտ կլիներ, որ պետությունը նախ ավագանու անդամին օժտեր անհրաժեշտ աշխատանքային գործիքներով, հետո կամ զուգահեռաբար ավելացներ նրա նկատմամբ պահանջները։ Ոչ մի պետական/համայնքային պաշտոնյայի չի կարելի միայն ծանրաբեռնել պարտականություններով՝ չտալով համարժեք երաշխիքներ ու լիազորություններ»։

  • Կիսվել: