հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վիետնամում ՀՀ դեսպանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մանրամասներ է ներկայացրել թուրք-ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ

Վիետնամում ՀՀ դեսպանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մանրամասներ է ներկայացրել թուրք-ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ

Հոկտեմբերի 13-ին Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը վիետնամական լրատվամիջոցների մասնակցությամբ մամուլի ասուլիս է հրավիրել՝ «Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և դրա հետևանքները» խորագրով։ Այս մասին հայտնում են Վիետնամում ՀՀ դեսպանությունից:
 
Չորս ժամ տևած ասուլիսի ընթացքում դեսպան Կաժոյանը փաստերով, նկարներով և տեսանյութերով ներկայացրել է ռազմական գործողություններն Ադրբեջանի կողմից առաջինը սկսելու, այդ ագրեսիային նախորդող Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններն ու ռազմական հռետորաբանությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգայնորեն ընդունված ձևաչափից Լեռնային Ղարաբաղի հարցի շեղման Ադրբեջանի և Թուրքիայի փորձերը, հարցը ռազմական ճանապարհով լուծելու հստակ ծրագրերը։
 
Առանձին մասերով լրագրողներին ներկայացվել են Լեռնային Ղարաբաղի հարցի պատմական և իրավական հարթությունները, ինչպես նաև մեկնաբանություններ են տրվել ս․թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության շփման գծի ամբողջ երկայնքով սկսված պատերազմում Թուրքիայի ունեցած դերի և քաղաքական ու ռազմական մասնակցության վերաբերյալ։
 
Ներկայացվել են ադրբեջանական զոհերի և ռազմական տեխնիկայի կորուստները, հայկական կողմի զոհվածների թիվը, Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ բնակավայրերի արգելված զինատեսակներով հրթիռակոծման, ինչպես նաև ՀՀ դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով Արցախի հարցի խաղաղ կարգավորման գործընթացում։
 
Ներկայացվել են ադրբեջանական զորքի կազմում կռվող՝ Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջան տեղափոխված սիրիացի վարձկան ահաբեկչական խմբավորումների ներկայության փաստերը և այդ ահաբեկչությունը հովանավորող Թուրքիայի դերակատարությունը։
 
Ասուլիսում դեսպան Վահրամ Կաժոյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

  • Կիսվել: