չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Վերապատրաստվել են հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարական ծառայողները (տեսանյութ)

Վերապատրաստվել են հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարական ծառայողները (տեսանյութ)

Հոկտեմբերի 21-ից 25-ը Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել են «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլատակներում», ինչպես նաև համաձայն ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի՝ «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում՝ պարանների միջոցով» թեմաներով վերապատրաստման դասընթացներ: 

Պարանային աշխատանքների հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացները եղել են INSARAG-ի չափանիշներին համապատասխան, որին մասնակցել են Փրկարար ծառայության Արարատի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների քաղաքային որոնողափրկարարական խմբերում ներգրավված փրկարարական ծառայողները:

Դասընթացների առաջին փուլը տեսական դասախոսություններն էին, որոնք անց են կացվել «ՃԿՊԱ» ՊՈԱԿ-ում, իսկ գործնական պարապմունքները՝ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում, որոնց անմիջական մասնակցություն են ունեցել Փրկարարական ֆակուլտետի դասախոսները՝ անվտանգության կանոնների պահպանման և աշխատանքների ճիշտ իրականացման նպատակով: 

Տեսական և գործնական դասընթացների ընթացքում փրկարարները ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ պարանային աշխատանքների միջոցով տուժածների տեղափոխումը ճիշտ, գրագետ և անվտանգ իրականացնելու համար: 

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության Փրկարարական ուժերի, ինչպես նաև Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզային փրկարարական վարչություններից մի շարք փրկարարական ծառայողներ:

Դասընթացները բաղկացած էին 36-ժամյա պարապմունքներից, որոնք վարում էին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագիտական պատրաստության հրահանգիչները։ 

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել փլատակներում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման նորարարական մեթոդներին և կատարելագործել վերջիններիս մասնագիտական ունակությունները։

Դասընթացները բաղկացած են եղել և՛ տեսական, և՛ գործնական մասերից: Ավարտելով տեսական մասը, առավել մեծ ուշադրություն էր դարձված գործնական պարապմունքներին, որոնք ևս անց են կացվել Կենտրոնի տարածքում հնարավորինս իրական պայմաններում՝ այդ նպատակով հատուկ նախատեսված բազմաֆունկցիոնալ վարժահրապարակներում։ 
Տեսական դասընթացների ընթացքում փրկարարները ծանոթացան անվտանգության տեխնիկայի հիմունքներին, ուսումնասիրեցին հիդրոդինամիկ և պնևմատիկ փրկարարական սարքավորումների տեխնիկական բնութագրերը և դրանց հետ աշխատելու նրբությունները, բացի այդ, ծանոթացան փլատակների դասակարգմանը՝ ըստ INSARAG-ի։ 

Գործնական պարապմունքները ներառում էին տուժածների ապաբլոկավարում, երկաթբետոնե կոնստրուկցիաներում անցքերի բացում և փլատակներից պայմանական տուժածներին դուրս բերելու ուսումնական առաջադրանքներ։ 

«Արդեն 6 տարի է որպես հրահանգիչ ես այստեղ եմ, և կարող եմ ասել, որ նմանատիպ վերապատրաստումների հանդեպ բավականին մեծ է հայ փրկարարների հետաքրքրվածությունը, տղաները շատ ակտիվ են, իրենց հետաքրքում է յուրաքանչյուր մանրուք, և ես ինքս բավական հեշտ եմ աշխատում իրենց հետ, քանի որ զգում եմ, որ կա հետադարձ կապ, ինչը շատ հաճելի է»,- նշեց ՌՀՄԱԿ-ի մասնագիտական վերապատրաստման գլխավոր մասնագետ-հրահանգիչ Իգոր Շեստակովը:

Նշենք, որ Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի ուսումնական տարածքում փրկարարները կարող են վերապատրաստվել միաժամանակ տարբեր ուղղություններով՝ տեխնիկապես հագեցած, արդի բազմաֆունկցիոնալ վարժահրապարակներում, շարժական մարզահամալիրում, պայմանական մոդուլներում։ 

 

  • Կիսվել: