կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վերապատրաստման դասընթացներ ՆԳՆ փրկարար ծառայությունում․ վերապատրաստվում են ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները

Վերապատրաստման դասընթացներ ՆԳՆ փրկարար ծառայությունում․ վերապատրաստվում են ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները

Հունվարի 15-ից ՆԳՆ փրկարար ծառայության Բժշկական ապահովման վարչությունում և Հոգեբանական աջակցության բաժնում ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների համար մեկնարկել են վերապատրաստման դասընթացներ։

Վերապատրաստման դասընթացների նպատակն է վերազինել քաղաքացիների հետ առաջնային օղակում աշխատող ծառայողներին արտակարգ իրավիճակներում առաջին օգնություն և առաջին հոգեբանական օգնություն տրամադրելու գիտելիքներով և հմտություններով:

Բժշկական ապահովման վարչության մասնագետները վերապատրաստման դասընթացներն անց են կացնում տեսական և գործնական փուլերով։ Տեսական փուլում ներառված են առաջին օգնության ցուցաբերման մի շարք թեմաներ, մասնավորապես՝ տուժածների առաջնային և երկրորդային զննում, անգիտակից տուժածներին առաջին օգնության ցուցաբերում՝ ԿԱԴ (կողքի ապահով դիրք), առաջին օգնության ցուցաբերում տարբեր տեսակի արյունահոսությունների ժամանակ, ՍԹՎ (սիրտ-թոքային վերակենդանացում) մեծահասակների և մանուկների մոտ, հենաշարժիչ համակարգի վնասվածքներ, արտաքին ազդակների ազդեցությունը օրգանիզմի վրա, վերքեր և վնասվածքներ, վիրակապում, առաջին օգնություն օձերի խայթոցների դեպքում և այլն։

Ուսուցման ողջ ընթացքն ուղեկցվում է պրակտիկ ցուցադրությամբ։

Հոգեբանական աջակցության բաժնում ոստիկանության ծառայողները մասնակցում են առաջին հոգեբանական օգնության տրամադրման դասընթացին: Դասընթացի շրջանակներում մասնակիցների հետ քննարկվում են առաջին հոգեբանական օգնության տրամադրման և ինքնօգնության սկզբունքները, տարբեր հուզական հակազդումների դեպքում ցանկալի արձագանքման ձևերը: Միևնույն ժամանակ մասնակիցները ծանոթանում են բաժնի գործունեությանը և օգտվում բաժնում առկա սարքավորումներից:

Նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ։

Առաջիկայում նախատեսվում է վերապատրաստել համակարգի տարբեր ստորաբաժանումերի ծառայողների, քանի որ հաճախ դեպքի վայրում գտնվող ծառայողի հմուտ և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է փրկել բազում կյանքեր։

  • Կիսվել: