երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Վենետիկում կայացել է հանդիպում 2021 թ․ «Ավրորայի» հինգ հերոսների հետ

Վենետիկում կայացել է հանդիպում 2021 թ․ «Ավրորայի» հինգ հերոսների հետ

Հոկտեմբերի 8-ին Վենետիկում Aurora Dialogues քննարկումների շրջանակում անցկացվել է հանդիպում «Ավրորայի» հերոսների հետ: Հանդիպման ընթացքում 2021 թ. «Ավրորայի» հինգ հերոսները ներկայացրել են իրենց աշխատանքն ու ոգեշնչման աղբյուրը, քննարկել, թե ինչպիսի աջակցություն է անհրաժեշտ իրենց համայնքներում շոշափելի փոփոխություն իրականացնելու համար:

Քննարկումը տեղի է ունեցել Վենետիկի միջազգային համալսարանի դահլիճում՝ Սան Սերվոլո կղզում:  

Քննարկման սկզբում «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ֆարթուն Ադանին է հանձնել մրցանակը խորհրդանշող արձանիկը:

Հիշեցնենք, որ անցած տարի «Ավրորա» ամենամյա հինգերորդ մրցանակը շնորհվել էր Ֆարթուն Ադանին եւ Իլվադ Էլմանին: Կորոնովիրուսի համավարակի բռնկման եւ ձեռնարկված սահմանափակումների պատճառով 2020 թ. դափնեկիրները հայտարարվել էին առցանց:

Ներկա հյուրերին եւ 2021 թ. «Ավրորայի» հերոսներին ողջունել են նաեւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը:

2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ դրան ուղեկցող միջոցառումներն այս տարի անցկացվում են Վենետիկում՝ հոկտեմբերի 8-10-ը: Սա առաջին անգամ է, որ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն անցկացվում է Եվրոպայում, ինչն էլ կընդգծի սերտ կապը համաշխարհային կարեւորության մշակութային այս կենտրոնի եւ «Ավրորայի» գաղափարի միջեւ, որը խորապես արտահայտում է հարգանքը մարդկային կյանքի հանդեպ, ինչի կրողն է յուրաքանչյուր հայ եւ «Ավրորա» համաշխարհային շարժման յուրաքանչյուր անդամ:

2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 9-ին, իսկ մրցանակի շնորհման արարողությունը կանցկացվի Սուրբ Ղազար կղզում:

Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո սա «Ավրորա» մրցանակի շնորհման առաջին ոչ առցանց արարողությունն է:

  • Կիսվել: