շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վայոց ձորի մարզպետի տեղակալն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին

Վայոց ձորի մարզպետի տեղակալն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին

Հուլիսի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին։ Հանդիպանը ներկա էին նաև ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչը և ՄԱԿ-ի ՓԳՀ Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանը։

Ողջունելով հյուրերին՝ Դավիթ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով մարզի տարածքում ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների աջակցությամբ տարբեր ուղղություններով իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունավետությունը՝ ուղղված մարզի բնակիչների կյանքի որակի և հնարավորությունների շարունակական բարելավմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Նիլս Սքոթը հետաքրքրվեց նոր մարտահրավերների ու դժվարությունների պայմաններում մարզում առաջ եկած խնդիրների, ինչպես նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում սահմանային բնակավայրերում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նա հետաքրքրվեց նաև ՄԱԿ-ի ՓԳՀ հետ համագործակցության վերաբերյալ, ում հետ ձևավորվել է կառուցողական երկխոսություն և համագործակցություն, և որի շրջանակներում խոսվեց մարզում իրականացվող սոցիալական ոլորտի ծառայողների կարողությունների զարգացման, ինչպես նաև ընթացիկ և սպասվող համայնքահեն ծրագրերի վերաբերյալ։

Քննարկված հարցերի համատեքստում մարզպետի տեղակալը համապարփակ ներկայացրել է Վայոց ձորի տնտեսության գերակա ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները` հատուկ անդրադարձ կատարելով գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին։ Անդրադարձ կատարվեց նաև անվտանգության ոլորտին՝ դիտարկելով մարզում ապաստարանների կահավորման և վերազինման հնարավորությունները։

Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն հայտնվեց, որ ՄԱԿ-ի մշտական համակարգողի այցի և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաջողվի էլ առավել ընդլայնել և խորացնել առկա փոխգործակցությունը՝ այն համալրելով նոր ծրագրերով և նախաձեռնություններով։

  • Կիսվել: