երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վարույթների ընթացքում պարզ կդառնա՝ իրավաչափ էին ՊՇՌ թեստերի գների փոփոխությունները, թե ոչ. նախարար

Վարույթների ընթացքում պարզ կդառնա՝ իրավաչափ էին ՊՇՌ թեստերի գների փոփոխությունները, թե ոչ. նախարար

Տարվա ընթացքում կորոնավիրուսի ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիաների կողմից գնային քաղաքականության կտրուկ փոփոխություններ եղան: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է քննի եւ հասկանա, ինչքանով էին այդ փոփոխությունները օբյեկտիվ. վարույթների ընթացքում արդեն պարզ կդառնա՝ իրավաչափ էին լաբորատորիաների գործողությունները, թե ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով, թեստավորման ինքնարժեքը ձեւավորվում է մի շարք բաղադրիչներից. հաշվի է առնվում ռեագենտների արժեքը, օգտագործովում սարքերի արժեքը եւ այլն: Նաեւ, նախարարի խոսքով, նման թեստավորում իրականացնելու համար պետք է «լաբորատոր ամբողջական համակարգ» ներդրված լինի:

Իսկ քանի որ լաբորատորիաները շահույթ հետապնդող կազմակերպություններ են, դրանք թեստավորումը ինքնարժեքով չեն իրականացնում, այլն նաեւ շահույթ պետք է ստանան:

Հիշեցնենք, որ չպատվաստված քաղաքացիները նախարարի հրամանով պետք է յոթ օրը մեկ հանձնեն ՊՇՌ թեստ, որի արժեքները տարվա ընթացքում կտրուկ տատանվում էին՝ 5000 դրամից մինչեւ 20000 դրամ:

  • Կիսվել: