հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Varieties of Democracy (V-Dem)» ինստիտուտի 2022-ի ժողովրդավարության զեկույցում Հայաստանը վերելք է գրանցել

«Varieties of Democracy (V-Dem)» ինստիտուտի 2022-ի ժողովրդավարության զեկույցում Հայաստանը վերելք է գրանցել

«Varieties of Democracy (V-Dem)» ինստիտուտը հրապարակել է 2022թ.-ի ժողովրդավարության զեկույցը, որը կրում է «Ավտորիտարիզմը փոխում է իր բնույթը» խորագիրը։ Հատկանշական է, որ 2021թ.-ի իրադարձությունները ամփոփող սույն զեկույցի համաձայն՝ Հայաստանի վարչակարգը մինչև 2020թ.-ը սահմանված «ընտրական ավտորիտարիզմ»-ից անցում է կատարել «ընտրական ժողովրդավարություն» (electoral democracy) կատեգորիայի։ Այսինքն, Հայաստանն այլևս չի դասակարգվում ազատականացված (կամ ընտրություններ անցկացնող) ավտորիտար ռեժիմների շարքում, այլ՝ վերելք գրանցելով ստացել է նոր դասակարգում։

Մասնավորապես, զեկույցը գրում է, որ «երկու երկրներ՝ Հայաստանն ու Բոլիվիան, 2021թ.-ին ժողովրդավարական անցում կատարեցին ընտրական ավտորիտարիզմից դեպի ընտրական ժողովրդավարություն»։ Զեկույցը Հայաստանին, Վրաստանին և Ուզբեկստանին առանձնացնում է որպես Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի ժողովրդավարացող երկրներ՝ ընգծելով, որ համաշխարհային մասշտաբով Հայաստանը, Մալազիան և Սեյշելները վերջին տաս տարիների ընթացքում գրանցել են ընտրական մարմինների ինքնավարության (անկախության) էական առաջընթաց։ Զեկույցը նաև նշում է, որ 2011թ.-ից ի վեր տասը բարձրագույն ժողովրդավարացող երկրներից երեքն են վերջին երեք տարվա ընթացքում սկսել ժողովրդավարացման գործընթացը, որոնցից մեկը Հայաստանն է։

«V-Dem»-ի տվյալները երկու դիտանկյունից հատկանշական են։ Նախ՝ այն կիրառում է համապարփակ  ու մանրակրկիտ ցուցանիշներ։ Երկրորդ՝ այն չափում է առանձին երկրների որակական առաջընթացն ու հետընթացը՝ ցուցիչների շարունակականությունը տարիների ընթացքում։

  • Կիսվել: