չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վարչապետի օգնականը խեղաթյուրել է մեր խոսքերը. զոհված զինծառայողի մայր

Վարչապետի օգնականը խեղաթյուրել է մեր խոսքերը. զոհված զինծառայողի մայր

Ինձ համար զարմանալի է ու վրդովեցնող, որ բարձր պաշտոն զբաղեցնող անձն իրեն կարող էր թույլ տալ այդպես խեղաթյուրել իրականությունը: Այս մասին մոմավառությամբ դեպի Եռաբլուր ընթացող երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազենի Տերտերյանը՝ անդրադառնալով օրեր առաջ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ կայացած հանդիպումից հետո Սարգսյանի այն հայտարարությանը, թե զոհված զինծառայողների ծնողները գոհ են մնացել հադիպումից եւ համաձայնվել են մասնակցել Անկախության օրվա տոնական միջոցառմանը: 

Տերտերյանը նշեց, որ Սարգսյանից փորձել են ճշտել միջոցառման երաժշտությունը, նաև կուտակված հարցերի շուրջ պարզաբանումներ են խնդրել, ինչպես դաստիարակված, կիրթ մարդիկ՝ ներս մտնելիս բարևել, դուրս գալիս՝ շնորհակալություն են հայտնել հանդիպման համար, սակայն Սարգսյանը խեղաթյուրել է իրենց խոսքերը, իրենք նրանցից գոհունակություն չեն հայտնել, ոչ էլ միջոցառման կազմակերպման առթիվ են գոհունակություն հայտնել:

Նրա խոսքով՝ հանդիպմանը մասնակցած մյուս 15 մայրերը դա կվկայեն: ՛՛Մեզ համար զարմանալի էր, որ երբ մեր երեխաների գերեզմանները դեռ պատրաստ չեն, երբ դեռ իմ որդու զոհվելու մեկ տարին ամսի 30-ին է լրանալու, նման բան է կազմակերպվում: Մեր հարցերը ներկայացրինք, ստացանք միջոցառմանը մասնակցելու հրավեր, բայց մեզնից ոչ ոք այդ հրավերը չի ընդունել, ոչ ոք նման բան մտքով չի անցկացրել՛՛,-նշեց նա

Ըստ տիկնոջ՝ իրենց հանդիպումից մի փոքր հատված է ցուցադրվել, որը կբխեր կառավարության շահերից:

՛՛Մոտ 15 րոպեանոց հարցազրույց է տրվել, որում մեզ հուզող խնդիրները, դժգոհությունների մասին խոսել ենք, եւ այդ ամենից ներկայացվել է մի փոքր հատված: Հարցեր կան, որոնց պատասխանները ստացել ենք, բայց բազմաթիվ հարցերի պատասխաններ էլ չէինք ստացել, այդ պատճառով էլ օգտագործել էի ՛՛մասնակի բավարարված՛՛ եզրույթը:

Պահանջել ենք բացառել տոն, տոնակատարություն եզրույթները, հնչեցնել միայն դասական, երգեհոնային երաժշտություն, այնպիսին, որը համահունչ կլինի զոհվածների հարազատների հոգեվիճակին: Խնդիրը ձեւաչափում ու հնչեցվելիք երաժշտության ոճն է: Հարիր կլիներ Կոմիտաս, Մակար Եկմալյանի շարականներ լսել, բայց մեր զայրույթն ուղղված է եղել գունագեղ միջոցառման գաղափարին՛՛,-ասաց զոհված զինծառայողի մայրը:

 

  • Կիսվել: