կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վահրամ Դումանյանն առաջարկում է բուհերի ռեկտորների ընտրության նոր կարգ

Վահրամ Դումանյանն առաջարկում է բուհերի ռեկտորների ընտրության նոր կարգ

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի դրույթը բուհերի ռեկտորների ընտրության կարգի մասով հակասահամանդրական է ճանաչվել։ Այժմ մենք առաջարկում ենք ներդնել 12 մարդուց բաղկացած խորհուրդ (50 տոկոս՝ լիազոր մարմնի, 50 տոկոս՝ բուհի կողմից) եւ ընտրություններն անցկացնել ռեյթինգային համակարգով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Ձայների ավելի քան 50 տոկոսը հավաքած թեկնածուն կընտրվի ռեկտոր։ Իսկ եթե ոչ, ապա մինչեւ երեք թեկնածու կներկայացվի լիազոր մարմնի ընտրությանը, որը կառաջարկի նշանակել նրանցից մեկին»,- ավելացրեց նա։

Եթե բուհը պետական է, ապա, նրա գնահատականով, պետությունը պետք է հնարավորություն ունենա այնտեղ իր կառավարչին նշանակելու։

«Հենց այս սկզբունքն է համարվում հակասահմանադրական, չնայած այդ տրամաբանությամբ աշխարհի առաջատար բուհերն էլ ազատ չեն։ Որոշ մասնավոր բուհերում խայտառակ իրավիճակ է տիրում, բայց այն պատճառով, որ օրենքը հակասահմանադրական է ճանաչվել, մենք չկարողացանք լուծել առկա խնդիրները»,- ընդգծեց Դումանյանը։

Նա հիշեցրեց, որ մեկ տարում կրթության ոլորտի հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարան է ներկայացվել միանգամից երեք դիմում. մեկը՝ նախագահից եւ երկուսը՝ օմբուդսմենից։ Սա ռեկորդ է։

  • Կիսվել: