«Վահանավանք» կոչվող տարածքի զրուցարանում հայտնաբերվել է լեռնափրկարարական ջոկատի 25-ամյա փրկարարի կախված դին
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հ. Մելիք-Քարամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 9-ին ոստիկանության Կապանի բաժին ստացված ահազանգի փաստով:
Այդ օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Վահանավանք» կոչվող տարածքում տղամարդու դի կա կախված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մանուկյանը, ոստիկանության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ա. Գևորգյանը, և Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հ. Մելիք-Քարամյանը:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Սյունիքի մարզի բնակիչ, 25-ամյա Ա. Գ.-ի դին՝ այնտեղ գտնվող զրուցարանի տանիքի մետաղյա խողովակից իրեն պատկանող ավտոմեքենայի քարշակման համար նախատեսված մետաղյա ճոպանով կախված վիճակում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը աշխատում էր «Չարատ-Կապան» ՓԲԸ-ի լեռնափրկարարական ջոկատում՝ որպես փրկարար:


