շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում այցելել է հայ-արգենտինական դպրոց

Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում այցելել է հայ-արգենտինական դպրոց

Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայ-արգենտինական դպրոց:

Կրթահամալիրը կառուցվել է 1954 թվականին Սիրանուշ և Պողոս Արզումանյանների հիմնադրամի նախաձեռնությամբ և փոխանցվել է Արգենտինայի կառավարությանը՝ որպես շնորհակալություն և երախտագիտություն հայերին ցուցաբերված օգնության և աջակցության համար: Կրթահամալիրում ուսանում են արգենտինացի երեխաներ:

Հանրապետության նախագահին դիմավորել են դպրոցի տնօրեն Սոլեդադ Սթրոնգը և Բուենոս Այրեսի մշակույթի նախարարության ներկայացուցիչը: Ի պատիվ Հայաստանի նախագահի դպրոց այցելության՝ համալիրի ուսուցչական և աշակերտական կազմերը նախապատրաստել են հայ-արգենտինական մշակութային ծրագիր, որը ներկայացնում էր երկու երկրների ազգային պարը, երգ-երաժշտությունը և ավանդույթները:

Արգենտինացի դպրոցականները ներկայացրել են հայկական ժողովրդական մի շարք ստեղծագործություններ, որոնց թվում նաև Կոմիտասի մշակումներից:

Տպավորիչ ծրագրի ավարտին Վահագն Խաչատուրյանը, ողջունելով ներկաներին, շեշտել է, որ հայ-արգենտինական դպրոցը վառ ապացույցն է հայ և արգենտինական ժողովուրդների ամուր բարեկամության:

«Արգենտինան հայերիս համար յուրահատուկ տեղ ունի՝ իր էությամբ ու էմոցիաներով, հայերի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքով, իսկ Հայաստանի անկախացումից հետո մեր համագործակցությունը նոր խթան ստացավ: Ես վստահ եմ, որ առաջիկայում էլ հայ-արգենտինական այս համագործակցությունը շարունակվելու է, և հույս ունեմ, որ Երևանի մեր հայ-արգենտինյան դպրոցն էլ մի այսպիսի գեղեցիկ անակնկալ միջոցառում կնվիրի մեր արգենտինացի բարեկամներին, ովքեր կայցելեն Հայաստան»,- ասել է նախագահը:

Հանդիպման ավարտին նախագահը գրառում է կատարել դպրոցի պատվո հյուրերի մատյանում:

  • Կիսվել: