կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
ՏԿԵՆ տեղակալն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացահյանին

ՏԿԵՆ տեղակալն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացահյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացահյանին և ապակենտրոնացված համագործակցության և քաղաքացիական հասարակության հարցերով կցորդ Մարի Լորժոին:

Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը համայնքների ապակենտրոնացման գործընթացում գործուն աջակցություն ցուցաբերելու համար և ընդգծել երկու երկրների՝ «Համայնքների միությունների» համագործակցության խորացման կարևորությունը։

Վաչե Տերտերյանը նշել է, որ Ֆրանսիայի ռեգիոնների ու քաղաքների և Հայաստանի մարզերի ու համայնքների միջև առկա է համագործակցության ամենամեծ ցանցը, բայց միևնույն ժամանակ այդ համագործակցությունն իր ամբողջ ներուժով չի իրացվում։

Հյուրերն իրենց հերթին հետաքրքրվել են համայնքների ընդհանուր ներուժից, կարիքներից և առկա խնդիրներից:

Տերտերյանը հանգամանալից ներկայացրել է համայնքների ապակենտրոնացման ուղղությամբ տարված աշխատանքները, գրանցած արդյունքները և նշել, որ բնակավայրերի միավորումից հետո ձևավորված համայնքների կարողությունները և հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան նախկինում:

Նախարարի տեղակալը նշել է՝ չնայած առկա բազմաոլորտ համագործակցությանը, դեռ կա հնարավորությունների մեծ դաշտ, որի միջոցով հնարավոր կլինի ֆրանսիական փորձի օգտագործմամբ մեր համայնքները դարձնել ավելի ճկուն միջազգային համագործակցության շրջանակներում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տրամադրվելիք խորհրդատվության, աջակցության, ինչպես նաև կարևոր նշանակություն ունեցող այլ հարցեր:

  • Կիսվել: