կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ուսումնավարժություններ՝ մարզերում

Ուսումնավարժություններ՝ մարզերում

Մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից Տավուշի մարզպետարանում, Արագածոտնի մարզի Ակունք, Կարմրաշեն, Կոշ, Ավան և Լեռնարոտ բնակավայրերում անց են կացվել համապատասխանաբար «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը անտառային հրդեհների ժամանակ» թեմայով հրամանատարաշտաբային և «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժություններ՝ էլեկտրաշչակների գործարկմամբ։
 
Նմանօրինակ ուսումնավարժությունների նպատակն է կատարելագործել անձնակազմի գործնական հմտությունները, ուժերի միջև փոխգործողությունները, բնակչության ունակությունները տարհանման և պատսպարման ժամանակ:
 
Միևնույն ժամանակ այս միջոցառումները հնարավորություն են տալիս ստուգել բնակչության պաշտպանության պլանի և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհներին արձագանքման պլանների իրատեսությունը, վաղ հայտնաբերել առկա թերությունները՝ դրանք հետագայում շտկելու նպատակով, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն ազդարարման իրականացման, ազդարարման ազդանշանների վերաբերյալ, սովորեցնել վարվելակերպի կանոնները ուժեղ երկրաշարժի ժամանակ։
 
Ուսումնավարժությունների ավարտին ներկայացվեցին առաջարկություններ՝ հրդեհաշիջման աշխատանքների օպերատիվությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, հակահրդեհային պատնեշների անցկացման, ոռոգման համակարգերի կանոնավոր աշխատանքների, ջրառի համար ջրավազանների ու ջրաղբյուրների կառուցման, դեպի բուսածածկ և անտառածածկ տարածքներ մոտեցման ճանապարհների անցանելիության ապահովման, սանիտարական մաքրումների, անտառամերձ հատվածներում, տեսանելի վայրերում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ ցուցանակների տեղադրման, ինչպես նաև անտառտնտեսությունների հրդեհներին արձագանքման պլաններում արտացոլված հակահրդեհային միջոցառումների կարողությունները, ուժերն ու միջոցները պատրաստ վիճակում պահելու վերաբերյալ։

  • Կիսվել: