երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Ուսուցչին ստորացնում են. արդեն բոլորի համբերության բաժակը լցվել է». ուսուցիչները ստորագրահավաք են կազմակերպել

«Ուսուցչին ստորացնում են. արդեն բոլորի համբերության բաժակը լցվել է». ուսուցիչները ստորագրահավաք են կազմակերպել

Ուսուցիչները կառավարության բակում ստորագրահավաք են կազմակերպել՝ դեմ արտահայտվելով կամավոր ատեստավորմանը:

«Այնտեղ նստածները ատեստավորվա՞ծ են, ինչո՞ւ են կասկածի տակ դնում մեր տարիների փորձը, ո՞վ է իրենց իրավունք վերապահել: Եթե այսպես շարունակվի, ապա այս քայլերը կլինեն շարունակական, որովհետեւ այս աստիճան ստորացնել ուսուցչին, արդեն բոլորի համբերության բաժակը լցվել է»,- ասաց ուսուցիչներից մեկը:

Լրագրողների հետ զրույցում Կենսաբանության ուսուցչուհի Արմինե Ավագյանն ասաց, որ կամավոր ատեստավորման թեստերի ծավալը շատ է եւ ուսուցիչը չի կարող այն գրել 3 ժամում.

«Գտնում եմ, որ հարցերը կազմել են կրթությունից հեռու մարդիկ: Այդ հարցերը չեն կարող տեղավորվել 3 ժամվա մեջ: Այնտեղ կա 15-16 խնդիր ու տարբեր բարդության հարցեր: Մենք՝ ուսուցիչներս, թեմատիկ գրավոր կազմելիս հաշվի ենք առնում, որ երեխան տեղավորվի 45 րոպեի մեջ, եթե նույնիսկ 1 երեխա տեղավորվում է, ուրեմն հարցերը ճիշտ են կազմված: Հարցերը դուրս են ծրագրային նյութից, հանկարծակի է գալիս ուսուցիչը»:

Ուսուցչի խոսքով՝ այստեղ ուսուցչի ոտնահարման խնդիրն. «Մեկը բարձր է ստանում, մյուսը՝ ցածր. սխալ մոտեցում է, բոլորը պետք է հավասար բարձր աշխատավարձ ստանան, հարգանքի արժանի լինեն պետության կողմից: Այնքան խնդիրներ կան, միայն աշխատավարձը չէ, Մայրենի լեզուն է շատ ցածր վիճակում գտնվում դպրոցներում, դասագրքերի հարցն է, առանց մեզ հարցնելու մեր վերաբերյալ որոշումներն են, ինչ ուզում, ոնց ուզում են՝ անում են: Իրենք ասում են՝ աշխատավարձի բարձրացում, բայց իրականում աշխատավարձը ցածրանում է, մի տեղից պոկում ի տեղ են դնում, վերջնարդյունքում իջնում է աշխատավարձը»:

Հիշեցնենք, որ ուսուցիչները սեպտեմբերի 12-ին բողոքի ակցիա էին իրականացրել նաեւ ԿԳՄՍ նախարարության մոտ՝ պահանջելով փակել emis.am-ը եւ անցնել թղթային մատյաններին, քանի որ, ըստ նրանց, այդպիսով աշակերտների կրթական մակարդակը չի բարձրանում, իսկ իրենց աշխատանքի ծանրաբեռնվածությունը մեծանում է:

  • Կիսվել: