Թուրքիայի ԱԳՆ-ից ինձ ասացին, որ Հայաստանից օժանդակության խնդրանքով Թուրքիային ուղղված դիմում չի եղել. Կարո Փայլան
Թուրքիայի արտաքին գործերի նախարությունից ինձ տեղեկացրել են, որ Հայաստանը Թուրքիային չի դիմել օժանդակություն ստանալու խնդրանքով, նման դիմում Թուրքիան Հայաստանից չի ստացել:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է կարծում, Թուրքիան քարոզչությո՞ւն է իրականացնում` տարածելով տեղեկություն, թե իբր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Հայաստանը դիմել է Թուրքիային բժշկական աջակցության համար:
«Ինձ արտաքին գործերի նախարարությունից ասացին, որ նման դիմում չի եղել: Մեկ նախադասություն կա մամուլում, բայց (Թուրքիայի – Tert.am) արտաքին գործերի նախարարությունից ասում են, որ նման բան չկա: Գուցե մամուլի խոսնակի խոսքը սխալ է մատուցվել: Այս պահին այլ բան չեմ կարող ասել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցներով տեղեկատվություն էր տարածվել, որ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Հայաստանից դեղամիջոցներ մատակարարելու խնդրանք են ստացել:
Նշենք, որ դրան արձագանքել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` նշելով, որ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելուց բացի, Հայաստանը Թուրքիային չի դիմել որևէ այլ աջակցության խնդրանքով:



