կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքական փամփուշտը՝ հայ կնոջ մարմնի մեջ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Թուրքական փամփուշտը՝ հայ կնոջ մարմնի մեջ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստւիտուտը ներկայացրել է մի հայուհու պատմություն, որն իր մարմնում մինչև կյանքի վերջ կրել է թուրքական փամփուշտ:

՛՛Հայկանուշ Մկրտչի Հալաջյանը (օրիորդական ազգանունը` Եղիկյան ¥1890-1974 թթ.) իր ողջ գերդաստանի հետ 1915 թվականին բռնի տեղահանվել է հայրենի բնակավայր Սեբաստիայից: Դեպի Դեր Զոր բռնագաղթի ճանապարհին հայ տարագիրները ենթարկվում էին դաժան փորձությունների: Թուրք ժանդարմները տանջում և սպանում են Հայկանուշի ազգականներին, նրա ներկայությամբ` գլխատում մորը: Երիտասարդ աղջիկը նետվում է մորը պաշտպանելու և այդ պահին ծանր վիրավորվում է թուրք ժանդարմի կողմից: Փամփուշտը մխրճվում է կրծոսկրի մեջ, սակայն, ճակատագրի բերումով, Հայկանուշը չի մեռնում: Ազգականները մի կերպ իրենց հետ քարշ են տալիս վիրավոր երիտասարդ կնոջը, ով այնքան ուժասպառ էր եղել, որ չի կարողանում իր հետ վերցնել 3 տարեկան միակ որդուն` Վարդգեսին: Արյունաքամ մայրը զավակին թողնում է գաղթի ճանապարհին, սակայն հետո վերադառնում և վերցնում է երեխային, որը, սակայն, հենց նույն գիշեր հյուծվածությունից հոգին ավանդում է: Բռնագաղթից հետո Հայկանուշը վերադառնում է Սեբաստիա, նոր ընտանիք կազմում, արու զավակ ունենում, որդեգրում է նաև մի որբ աղջկա, ապա ընտանիքով տեղափոխվում Ֆրանսիա:
1936 թվականին Հայկանուշ Հալաջյանը հայրենադարձվում է Սովետական Հայաստան: Հայկանուշն ապրեց 84 տարի` իր կրծքում մխրճված թուրքական փամփուշտով և կոտորածի մղձավանջային հիշողություններով: Մահից առաջ որդուն` Հրաչյային, խնդրում է, որ թուրքական գնդակը չթաղի հայոց հողում: Հայկանուշի դիահերձման ժամանակ պարզվում է, որ փամփուշտը սերտաճել էր ոսկորին և մարմնից հանելու ժամանակ պոկվում է ոսկորի հետ:
Թուրքական այս փամփուշտը դարձավ Հայկանուշի կյանքի և մարմնի անբաժանելի մասը` մինչև վերջին շունչը նրան հիշեցնելով իր ապրած ողբերգական օրերի մասին՛՛,-ասված է թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջում:

  • Կիսվել: