երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թումոն ընդլայնում է իր գործունեությունը Վայոց ձորում

Թումոն ընդլայնում է իր գործունեությունը Վայոց ձորում

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հյուրընկալել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին:

Ինչպես տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու կառույցների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և մարզի համար կարևորություն ներկայացնող ուղղությունների շուրջ համագործակցելու անհրաժեշտությունը։

Քննարկված հարցերի համատեքստում համապարփակ ներկայացվել են մարզում իրականացված աշխատանքները, կենտրոնի գործունեության հեռանկարները և ակնկալվող արդյունքները։ Մասնավորապես նշվել է, որ Վայք համայնքում արդեն գործում է Թումո Տուփ՝ հնարավորություն տալով երիտասարդներին ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաների հնարավորություններին:

Առաջիկայում նմանատիպ տուփեր կտեղադրվեն Ջերմուկում, Արենիում և Շատինում, իսկ Թումո կենտրոնի տեղակայումը մարզկենտրոնում հնարավորություն կտա ավելի լիարժեք և ընդգրկուն գործունեություն ծավալել և նպաստել երիտասարդների ստեղծարար կարողությունների դրսևորմանը և զարգացմանը:

Կարևորելով շարունակական կրթության և նորագույն տեխնոլոգիաների դերը մրցունակ երիտասարդության ձևավորման գործում՝ մարզպետը նշել է, որ մարզային իշխանությունները պատրաստ են աջակցություն ցուցաբերել մարզի ընդհանուր զարգացմանը և երիտասարդների առաջընթացին նպաստող այս նախաձեռնությանը:

Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի ոչ միայն հնարավորինս սեղմ ժամկետներում գործարկել Թումո կենտրոնը և Տուփերը, այլև առավել ընդլայնել և խորացնել առկա փոխգործակցությունը՝ այն համալրելով նոր ծրագրերով և նախաձեռնություններով։

  • Կիսվել: