ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ծովագյուղի և Ապարանի «Գնթունիք» ֆուդ-կորտերում հանրային սննդի կազմակերպումը կասեցվել է. Գեորգի Ավետիսյան

Ծովագյուղի և Ապարանի «Գնթունիք» ֆուդ-կորտերում հանրային սննդի կազմակերպումը կասեցվել է. Գեորգի Ավետիսյան

Սննդի անվտանգության տեսչական մարմինը մարտի 13-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակաշրջանում իրականացրել է կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ։

Մասնավորապես, ինչպես այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, իրացման ցանցերին, հանրային սննդի օբյեկտներին և սննդամթերքի արտադրություններին բաժանվել են վարակի տարածումը նվազեցնելուն ուղղված միջոցառումների և գործողությունների ուղեցույցներ:

Նրա խոսքով, իրենց տեսուչներն այս ընթացքում այցելել են Երևանի մոտ 500 և մարզերի 3600 սննդամթերքի իրացման կազմակերություններ և արտադրություններ։ Հանձնարարվել է առավել հաճախ կատարել տարածքների ախտահանում, օդափոխել բոլոր տարածքները, համապատասխան տեղերում տեղադրել վարակազերծիչ նյութեր, կտորե սրբիչները փոխարինել թղթե մեկանգամյա օգտագործման սրբիչներով, բացառել խանութներում ավելորդ հերթերը:

Գեորգի Ավետիսյանն ասաց, որ նախորդ շաբաթ իրենց աշխատակիցները շրջայց են կատարել Մեյմանդարի շուկայում և ձեռնոցներ, դիմակներ չունեցող 15 անձի արգելել են իրականացնել սննդամթերքի վաճառք:

Նրա խոսքով՝ մարտի 27-28-ին մշտադիտարկում է իրականացվել Հայաստանի տարածքում գործող 18 գյուղատնտեսական շուկաներում։ Արձանագրվել է, որ մարզերում շուկաների մեծ մասը չի գործում, իսկ գործող շուկաներում միայն մի քանի կետում է վաճառք կազմակերպվում: Այցելուների քանակն էլ, ըստ նրա, նկատելիորեն նվազել է:

Գեորգի Ավետիսյանը տեղեկացրեց, որ տեսչական մարմնի կողմից համեմատական վերլուծություն է կատարվել 2019-ին և 2020-ի մարտի 1-26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սննդամթերքի ներմուծման և արտահանման վերաբերյալ: Ըստ նրա՝ որոշ սննդամթերքների ներկրումները նվազել են, որոշներինը՝ ավելացել: Նաև ավելացել են արտահանումները:

ՍԱՏՄ ղեկավարը նաև հայտնեց, որ երեկ իրենց մարզային աշխատակիցներն այցելել են Ծովագյուղի և Ապարանի «Գնթունիք» ֆուդ-կորտերը և պարզել, որ այդ վայրերում հանրային սննդի մատուցման գործընթացը դադարեցված չէ:

«Հանրային սննդի կազմակերպումը տեղում կասեցվել է, և այսօրվանից այդ ընկերություններն իրականացնում են միայն առաքում»,- ասաց նա։

Նա նաև նշեց, որ տեսչական մարմնի թեժ գծին մարտ ամսվա ընթացքում ստացվել է 62 ահազանգ, ապրիլի 1-7-ը՝ 18։ Դրանք վերաբերել են  սանիտարահիգիենիկ նորմերին, անորակ մթերքի վաճառքի խնդրին։

Հարցին՝ արդյոք խախտումների դեպքում խնդիրը լուծվում է հորդորներով ու թերությունները վերացնելով, թե կան սահմանված պատիժներ, ՍԱՏՄ ղեկավարն ասաց, որ լինում են հորդորներ, կասեցումներ, ինչպես նաև հրապարակումներ։

«Մեր լավագույն գործիքներից մեկը հանրային իրազեկումն է: Տնտեսվարողներն ավելի շատ վախենում են իրենց խնդիրների մասին հրապարակումներից, քան՝ մաքսիմալ 300 հազար դրամ տուգանքից»,- ասաց Գեորգի Ավետիսյանը։

  • Կիսվել: