կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Ծառերի բուժումն իրականացվում է գիշերային ժամերին

Ծառերի բուժումն իրականացվում է գիշերային ժամերին

Երևանում ծառերի բուժման հիմնական գործընթացը կատարվում է գիշերային ժամերին: Բուժանյութը սրսկվում է հատուկ սարքավորումով: Սա վնասատուների դեմ պայքարի ամենարդյունավետ միջոցն է: Այս մասին տեղեկանում ենք Երեւան քաղաքապետարանից:

«Հիմնական պայքարն իրականացվում է թեղու տերևակեր վնասատուի դեմ: Բուժման համար կիրառում ենք «Կոնդոր» պատվաստուկը»,-ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փորձագետ Արմենակ Տեր-Գրիգորյանը:

«Նախապես սահմանված ժամանակացույցով վարչական բոլոր շրջաններում ծառերը բուժվում են, հատկապես՝ կենտրոնական փողոցներում, բակերում»,-նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Նշված վայրերում մասնագետները բուժումը կրկնում են 10-15 օր հետո: Հասցեներն ընտրվում են առաջնահերթության կարգով՝ հաշվի առնելով ծառերի վարակվածության աստիճանն ու նաև քաղաքացիների բողոքները:  Այն հատվածներում, որոնք անմատչելի են տեխնիկայի համար, աշխատակիցները գործն անում են ձեռքով:

Թեև ընտրված նյութերը հնարավորին չափով անվնաս են քաղաքացիների համար, բայց, անվտանգությունից ելնելով, ՀՈԱԿ-ը պարտադիր կերպով նախապես իրազեկում է բնակիչներին և հորդորում փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբներիի դռները:

Ծառերի բուժումն սկսվում է գարնանը և ավարտվում ուշ աշնանը: Այն կարևոր միջոցառում է քաղաքի կանաչ զանգվածը կենսունակ պահելու նպատակով:

  • Կիսվել: