չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ծառայության սպասարկման որակն ավելի լավը դարձնելը մեր ռազմավարական ուղղություններից մեկն է. ՀՀ գլխավոր հարկադիր կատարող

Ծառայության սպասարկման որակն ավելի լավը դարձնելը մեր ռազմավարական ուղղություններից մեկն է. ՀՀ գլխավոր հարկադիր կատարող

Այսօր ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի և ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի մասնակցությամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության  աշխատակիցների՝ «Զանգերի սպասարկման հոգեբանական առանձնահատկությունները» թեմայով փուլային վերապատրաստման դասընթացների փակման և վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։

Մի քանի ուղղություններով հոկտեմբերից մեկնարկած փուլային դասընթացներին մասնակցել է Ծառայության քաղաքացիների սպասարկման գրասենյակի, Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների շուրջ 60 աշխատակից։

Ողջույնի իր խոսքում Արմեն Գասպարյանն անդրադարձել է քաղաքացիների հետ անմիջականորեն աշխատող կառույցների ամենօրյա աշխատանքում հոգեբանական խնդիրների հաղթահարման կարևորությանը՝ հույս հայտնելով, որ ձեռք բերված գիտելիքները դասընթացի մասնակիցների համար գործնականում պիտանի կլինեն։

Սերգեյ Մեղրյանն էլ շնորհակալական իր խոսքում նշել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համալիր բարեփոխումների իրականացման առաջնահերթություններից է Ծառայության սպասարկման որակի արդյունավետության բարձրացումը, Ծառայություն-քաղաքացի գրագետ կապի ապահովումը։ «Շատ եմ կարևորում մեր շահառուների հետ բարեկիրթ հաղորդակցային մշակույթի ձևավորումը։ Ծառայության սպասարկման որակն ավելի լավը դարձնելը մեր ռազմավարական քայլերից մեկն է։ Ուրախ եմ, որ այսօր արդեն կայացած իրողություն է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հետ մեր հաջողված համագործակցությունը»։

Միջոցառման ժամանակ երկուստեք կարևորվել է երկու կառույցների միջև հետագա ակտիվ փոխհամագործակցության շրջանակների ընդլայնումն ու հետագա զարգացումը։

Դասընթացի մասնակիցները ևս իրենց գոհունակությունն են հայտնել արդյունավետ դասընթացների և փորձի փոխանակման հնարավորության համար։

 

  • Կիսվել: