Թոքերի օդափոխման սարքին միացվածների 90%-ը մահանում է. Թորոսյան
Կորոնավիրուսով վարակված հիվանդներից շուրջ 524-ի վիճակը ծանր է. թիվը վերջին օրերին չի նվազում։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով, երեկվա դրությամբ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը 100-ին մոտ էր, իսկ ծանր վիճակում շուրջ 420 վարակակիր կա։ «Սա շատ մեծ թիվ է»,- նշեց նա։
Արսեն Թորոսյանը հայտնեց, որ վերակենդանացման բաժանմունքներում մահճակալներն այս պահին դեռ հերիքում են:
«Ռեանիմացիոն բաժանմունքում մահճակալներ կան, սակայն դա չի կարող իրավիճակի դրական գնահատական լինել, քանի որ ծայրահեղ ծանր հիվանդների շրջանում մահացությունը կազմում է մոտ 70 տոկոս, ծանրերի մոտ՝ ավելի քիչ: Թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացիների մոտ 90 տոկոս մահացություն ունենք»,- նշեց նախարարը։



