շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թոքերի արհեստական օդափոխման 10 սարք արդեն վերականգնել են և ենթակա է շահագործման. Արշակյան

Թոքերի արհեստական օդափոխման 10 սարք արդեն վերականգնել են և ենթակա է շահագործման. Արշակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների վերաբերյալ ստացել է 280-ից ավելի նամակ։ Այս մասին այսօր հայտարարեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։

«Բնակչության կողմից արձագանքը բավական դրական է եղել»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ԲՏԱ նախարարությունը հայտարարել է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին:

Հակոբ Արշակյանը հայտնեց, որ նախարարության էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակները վերջին 2 օրերին դասակարգվել և ուսումնասիրվել են։

«Տարբեր շրջաններից քաղաքացիների կողմից նախարարությունն արդեն ստացել է 10 սարք, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման: Անհրաժեշտության դեպքում դրանք կտրամադրենք Առողջապահության նախարարությանը»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ այդ գործընթացը շարունակական է ու ամեն օր բազմաթիվ զանգեր ու նամակներ են ստանում։ Նախարարը նշեց նաև, որ ստացել են տասնյակ նամակներ արտերկրում՝ Ռուսաստանում, Լիբանանում, Գերմանիայում բնակվող մեր հայրենակիցներից, որոնք պատրաստ են աջակցել Հայաստանի ինժեներներին՝ միջազգային փորձանմուշներ, մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով։ 

Հակոբ Արշակյանը շնորհակալություն հայտնեց նաև այն ընկերություններին և անհատներին, որոնք տրամադրել են այդ անսարք համակարգերը, ինչպես նաև՝ այն ինժեներներին, որոնք անհատույց վերանորոգել են թոքերի օդափոխման սարքերը։

Նախարարը նշեց նաև, որ վերջերս տասնյակ նյութեր են շրջանառվում տարբեր մարդկանց  և խմբերի կողմից՝ թոքերի արհեստական օդափոխման սարքեր արտադրելու վերաբերյալ, սակայն դրանց մեծ մասը 3D պրինտերով տպած սարքեր են, և մեծամասամբ չեն լուծում այն խնդիրները, որոնք դրված են։

«Սարքերը պետք է ունենան արձագանքման համակարգեր, տարբեր տեսակի տպիչներ, սենսորներ, որոնք գնահատում են հիվանդի վիճակը, և ըստ դրա են գործում։ Այսինքն՝ արձագանքման և չափման համակարգեր պետք է ունենան այս սարքերը, որպեսզի ավելի չվատթարացնեն հիվանդի վիճակը, կամ նրա կյանքին վտանք չսպառնան։ Այդ սարքը միայն պոմպի դեր չի կատարում, օդ չի մղում և արտաղմում, այլ այն ամբողջապես փոխարինում է շնչառական համակարգին և պետք է անհրաժեշտության դեպքում կանգ առնի , անջատվի և այլն»,- ասաց Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ նման սարքերի նախագծումը բարդ պրոցես է իրենից ներկայացնում, ուստի խնդրեց, որ այդ հարցին մարդիկ լուրջ վերաբերվեն, քանի որ դա մեկ շաբաթում, նույնիսկ մեկ ամսում լուծվող հարց չէ։

Նախարարը նաև հայտնեց, որ Հայաստանում առկա արտադրական հզորությունները՝ գործարաններ, ինժեներական կայացած ընկերություններ, համալսարաններ, գիտահետազոտական խմբեր, պատրաստակամություն են հայտնել միանալու թոքերի օդափոխման սարքերի նախագծման, թեստավորման, լաբորատոր փորձարկումների, պահեստամասերի և այլ բաղադրիչների արտադրությանն ու ներկրմանը, ինչպես նաև պատրաստ են մեծացնել որոշակի արտադրական ծավալներ և ներգրավել նոր մասնագետներ։

«Հավելյալ կներկայացնենք, թե ինչպիսի արդյունքներ ենք ակնկալում և որ ուղղությամբ պետք է շարժվենք»,- ընդգծեց Հակոբ Արշակյանը։

Հիշեցնենք, որ քաղաքացիները առաջարկները կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։

  • Կիսվել: