Թբիլիսին նախկինի պես հույս ունի վերականգնել ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ և պատասխան քայլեր է ակնկալում Վաշինգտոնից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, տեղեկացնում է Գռուզիա Online-ը։

Նա,  մասնավորապես, ասել է. «Մենք պահպանում ենք լավատեսական ակնկալիքներ, որ ռազմավարական գործընկերությունը կվերականգնվի։ Համբերատար սպասում ենք ԱՄՆ-ի կողմից ընդառաջ քայլերի»:
 
Կոբախիձեի խոսքով՝ վերջին իրադարձությունները զգուշավոր լավատեսության հիմքեր են տալիս, սակայն հարաբերությունների հետագա զարգացումը կախված է ամերիկյան կողմի որոշումներից։

 

Նա վերստին հայտարարել է, որ Վրաստանի ղեկավարությունն առաջարկում է Վաշինգտոնին փոխգործակցության նոր փուլը սկսել «մաքուր էջից»՝ կոնկրետ ճանապարհային քարտեզի, իրավահավասարության և փոխադարձ շահի հիման վրա։

«Վրացական կողմն արդեն հրապարակայնորեն ներկայացրել է իր առաջարկը։ Այժմ շատ բան կախված է ԱՄՆ վարչակազմի որոշումներից»,-ասել է Վրաստանի վարչապետը։

Մեկնաբանելով ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնի քննադատությունը, որը բազմիցս մեղադրանքներով է հանդես եկել Վրաստանի իշխանությունների հասցեին՝ Կոբախիձեն հայտարարել է, որ նրա դիրքորոշումը չի ազդում Թբիլիսիի մոտեցման վրա։

«Մեզ բոլորովին չի հետաքրքրում, թե ինչ կասի «Խորքային պետության» հերթական գործակալ Ջո Ուիլսոնը»,-ասել է նա: