Տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցության գնահատականը կարող ենք տալ վիրուսը հաղթահարելուց հետո. Արմեն Գրիգորյան
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հնարավոր է առաջիկայում Իրանի հետ սահմանային ռեժիմի փոփոխություններ լինեն, նշեց, որ ամեն ինչ կախված է, թե կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը հարևան երկրներում ինչպես կընթանան:
«Ամենօրյա ռեժիմով իրավիճակը փոխվում է և, ընդհանուր առմամբ անվտանգության տեսանկյունից Հայաստանում իրավիճակը բավականին բարձր մակարդակի վրա է: Եթե տեսնենք, որ հարևան երկրում իրավիճակի փոփոխություն կա, ապա որոշում կկայացվի փոփոխություններ կատարել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի պատճառով տնտեսության վրա ազդեցությանը, Արմեն Գրիգորյանը նշեց, որ դրա գնահատման համար որոշակի ժամանակ է պետք։
«Ժամանակ է պետք, որ բոլոր երկրներում այս հիվանդությունը մարի։ Վիրուսի տարածման սկզբնաղբյուրը եղել է Չինաստանը, իսկ Հայաստանը Չինաստանի հետ տնտեսական կապեր ունի։ Բնական է, որ գլոբալ ազդեցություն է ունեցել։Կարծում եմ, որ դրա գնահատականը պետք է լինի վիրուսը հաղթահարելուց հետո»,- ասաց նա։



