ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Քրեական ոստիկանները Գյումրիում կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանները Գյումրիում կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրի քաղաքի բնակիչ 33-ամյա երիտասարդը առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում և իրացնում է տարբեր տեսակի օղիներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 33-ամյա երիտասարդի՝ Հովսեփյան փողոցում գտնվող տան բակում հայտնաբերվել են տարբեր տարողության 244 շիշ կեղծ օղի, ինչպես նաև օղի պատրաստելու և շշալցնելու տարբեր հարմարանքներ ու 314 դատարկ շիշ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ 

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունից։ Այն քրեորեն պատժելի արարք է, իսկ նման դեպքերում կարող է վտանգվել նաև մարդկանց առողջությունը։ Իրավապահ մարմինները հետևողական աշխատանք են իրականացնում նմանօրինակ դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։

 

  • Կիսվել: