ԱՄՆ-ն ու Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի նկատմամբ․ Telegraph
Միացյալ Նահանգներն ու Իսրայելը դիտարկում են Իրանի ցամաքային շրջափակման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում անելով իսրայելական բարձրաստիճան աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ ցամաքային շրջափակումը դիտարկվում է որպես Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելու տարբերակներից մեկը։ Պլանը Վաշինգտոնից և Թել Ավիվից կպահանջի ճնշում գործադրել Իրանի հարևանների վրա, որպեսզի վերջիններս փակեն սահմանային անցակետերը կամ խստացնեն տարանցումը՝ դրանով իսկ սահմանափակելով Իսլամական Հանրապետության հետ առևտուրը։
Թերթը նշում է, որ Պակիստանն ու Իրաքը, որոնք տարածաշրջանում Վաշինգտոնի ամենամտերիմ դաշնակիցները չեն, կարող են դառնալ «թույլ օղակներ»։ Միևնույն ժամանակ, Իրանին սահմանակից մյուս երկրները՝ ներառյալ Հայաստանը, Ադրբեջանը, Աֆղանստանը, Թուրքմենստանն ու Թուրքիան, ամերիկա-իսրայելական պլանին համաձայնելու դեպքում կարող են բախվել Թեհրանի պատասխան քայլերին (ընդհուպ մինչև ռազմական բնույթի)։
Ինչպես ընդգծում է The Daily Telegraph-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցամաքային շրջափակման տարբերակին է դիմում այն պատճառով, որ Հորմուզի նեղուցը բացելուն ուղղված ներկայիս ռազմավարությունն սպառել է իրեն։ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Թրամփի «տրամադրության տակ կան բոլոր հնարավոր տարբերակները»։
ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ պատերազմն սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր բոլոր ճակատներում (այդ թվում՝ Լիբանանում) ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի ուղղությամբ լայնամասշտաբ հարվածները՝ վերջինիս մեղադրելով Հորմուզի նեղուցին վերաբերող ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։



