շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՏԿԵ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ջրային, ճանապարհաշինության, էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր

ՏԿԵ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ջրային, ճանապարհաշինության, էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են՝ նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ ․«Դուք դեսպան եք նշանակվել մի երկրում, որտեղ ձեր երկիրն ու ձեր ժողովրդին շատ են սիրում»,- ասել է նախարարը։ 

Սանոսյանը շնորհակալություն և երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Հանրապետությանն ու Ֆրանսիայի ժողովրդին Հայաստանի համար ծանր ժամանակահատվածներում ցուցաբերած աջակցության և եղբայրական վերաբերմունքի համար։ Նախարարը բարձր է գնահատել նաև Զարգացման ֆրանսիական գործակալության հետ տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը՝ ընդգծելով հատկապես ոռոգման համակարգերի արդիականացման ոլորտում կատարվող աշխատանքների կարևորությունը։ 

Դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով՝ պատրաստ է նպաստելու հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ավելի խորացմանը։ Դեսպանը տեղեկացրել է, որ արդեն իսկ եղել է Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում՝ Սյունիքի մարզում, ծանոթացել առկա խնդիրներին և լիարժեք պատկերացում ունի Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների մասին։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային, ճանապարհաշինության, էներգետիկ ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։ 

Կարևորվել է նաև միջտարածաշրջանային՝ մարզերի ու քաղաքների միջև համագործակցության հաստատումը։ 

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ 

  • Կիսվել: