Ադրբեջանը դատի է տվել CNN–ին
Ադրբեջանը CNN-ի դեմ հայց է ներկայացրել ԱՄՆ դաշնային դատարան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
2026 թվականի հունիսի 5-ին CNN-ի հրապարակած հոդվածում նշվում էր, որ Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ ռազմական և հետախուզական գործողություններ իրականացնելու համար։
Հոդվածի հրապարակումից հետո ադրբեջանական կողմը պաշտոնապես պահանջել է, որ CNN-ը հերքի այդ լուրը և «ուղղումներ» կատարի նյութում։ Այս հարցի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Նշվում է, որ հունիսի 6-ին, 23-ին և հուլիսի 2-ին Ադրբեջանը պաշտոնական նամակներ է ուղարկել CNN-ին և հերքում պահանջել, բայց ապարդյուն։
Ի վերջո Բաքուն CNN-ի դեմ հայց է ներկայացրել Դելավերի դաշնային դատարան (մեդիահոլդինը պաշտոնապես գրանցված է այդ նահանգում)։
Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին, մեկնաբանելով CNN-ի հրապարակումը, ասել էր, որ իրանցի մասնագետները չեն հաստատում Ադրբեջանում իսրայելական ստորաբաժանումների տեղակայման մասին հաղորդագրությունները։



