10 տարի սպասել են վերադարձին․Արփի Դավոյանը զուգահեռներ է անցկացրել Բաքվում պահվող հայ գերիների և Երկրորդ աշխարհամարտի գերմանացի ու ճապոնացի ռազմագերիների միջև
Ընդդիմությունն ասում է, թե խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ բոլոր գերիները չեն վերադարձվել Հայրենիք։ Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, օգոստոսի 18-ին հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։
Պատգամավորը նման մոտեցումն ու մտածելակերպը «քարացած» է անվանել։
«Դուք ընդհանրապես կարդացե՞լ եք ու գիտե՞ք, թե Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո երբ են գերիները վերադարձել իրենց երկրներ։ Այդ գործընթացը տևել է 10 տարի։ Դուք ընդհանրապես տեղյա՞կ եք այդ գործընթացներից», — ասել է Դավոյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին։
Նշենք միայն, որ դաշնակից ուժերի ռազմագերիների, ինչպես նաև գերմանական ու ճապոնական գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց զգալի մասը տուն է վերադարձել պատերազմի ավարտից հետո առաջին իսկ երկու տարիների ընթացքում։ Խոսքը միլիոնավոր մարդկանց մասին է։ Վերադարձի համար ամենաշատ ժամանակը պահանջվել է գերմանացի և ճապոնացի ռազմագերիների պարագայում՝ 10 տարի (Ճապոնիան և Գերմանիան Երկրորդ աշխարհամարտի նախաձեռնողներն էին - խմբ․):
Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի հունվարին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանը 30 տարի ղեկավարվել է «ֆաշիստական գաղափարախոսության կրողների» կողմից, և հարևան հանրապետությունն անվանել է «ֆաշիստական պետություն», որի միլիտարիզմը սպառնալիք է ներկայացնում։ Ադրբեջանում մինչ օրս գտնվում են 19 հայ գերիներ, որոնք ապօրինաբար պահվում են Բաքվի բանտերում։



