ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թեհրանում մեծարել են իրանահայ հանրահայտ մանկաբույժ դոկտ. Վիգեն Զարգարյանին (լուսանկարներ)

Թեհրանում մեծարել են իրանահայ հանրահայտ մանկաբույժ դոկտ. Վիգեն Զարգարյանին (լուսանկարներ)

Իրանահայ բժիշկների միության (ԻԲՄ) նախաձեռնությամբ, հինգշաբթի մայիսի 4-ին, Թեհրանում, տեղի ունեցավ մեծարման երեկո` նվիրված իրանահայ հանրահայտ մանկաբույժ, բարերար և ազգային-հասարակական գործիչ Դոկտ. Վիգեն Զարգարյանին, գրում է parstoday.ir-ը:

Araxnews-ի փոխանցմամբ՝ մեծարման միջոցառումը սկսվեց ԻԲՄ միության նախագահ բժիշկ Սիլվա Խուրշիդյանի բացման խոսքով, ապա միության փոխնախագահ Ռուբիկ Սարդարյանը խոսեց դոկտ. Զարգարյանի բժշկական ու հասարակական կյանքի մասին, իսկ նրա հարուստ կենսագրականը սեղմ տողերի մեջ ներկայացրեց վարչության քարտուղար ատամնաբույժ Սերժիկ Մարգարյանը:

Մեծարման երեկոյի շրջանակներում սեփական հետաքրքիր հուշերով ու գնահատականներով հանդես եկան նաև հյուրերը:

Այնուհետև խոսքը փոխանցվեց դոկտ. Վիգեն Զարգարյանին, ով հակիրճ կերպով ներկայացրեց իր երկար տարիների աշխատանքը Իրանում և Ամերիկայում, ապա անդրադարձ կատարեց Արցախում և Հայաստանի Հանրապետությունում իրականացրած և իրականացվող իր բժշկական և բարեգործական գործունեությունը, որն այսօր արդեն ամփոփվել է Երևանի Կոմիտաս պողոտայի 24 հասցեում հաստատված՝ «Առողջ Ապագա Հայաստան» ոչ շահադիտական մանկաբուժական կլինիկայում:

Երեկոյի ավարտին ԻԲՄ վարչության կողմից հատուկ գնահատագիր և հուշանվեր տրվեց դոկտ․ Վիգեն Զարգարյանին:

Այնուհետև մետերմիկ զրույցների ընթացքում, դոկտ․ Զարգարյանը պատասխանեց երեկոյին ներկա հյուրերի հարցերին:

Մեծարման երեկոյին ներկա էին համայնքային կառույցների, միությունների և մամուլի ներկայացուցիչներ:

  • Կիսվել: