երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թեհրանի հայոց թեմի առաջնորդը կոչ է արել մասնակցել ընտրություններին

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը կոչ է արել մասնակցել ընտրություններին

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ․ Սեպուհ Արք․ Սարգսյանը թեմի ժողովրդին կոչ է արել մասնակցել մարտի մեկին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

՛՛Այսու քրիստոնեական ջերմ սիրով եւ գոհունակությամբ ողջունում եւ կոչ ենք ուղղում Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զավակներին, որ մասնակցեն հառաջիկա ուրբաթ 1 մարտ 2024 թվականին Իրանի ողջ տարածքում տեղի ունենալիք 12-րդ նստաշրջանի Իրանի Իսլամական Խորհրդարանի եւ Բանիմացների Խորհրդի ընտրություններին, ի կատարումն եւ լրացումն մեր պարտականությունների, որպէս լիիրավ քաղաքացիներ Իրանի Իսլամական Հանրապետության:

Յուրաքանչիւր քաղաքացի իր հայրենիքի նկատմամբ իր պարտականություններն ու պարտավորությունները ունի, հայրենիքն էլ իր քաղաքացիների հանդեպ ի՛ր պարտականություններն ու պարտավորություններն ունի:

Մենք որպես հայ եկեղեցու զավակներ կոչված ենք խուռներամ մասնակցելու 12-րդ նստաշրջանի Իսլամական Խորհրդարանի եւ Բանիմացների Խորհրդի ընտրություններին ի վկայութիւն մեր գաղութի ուժին, զորության ինչպէս նաեւ ի հաստատումն մեր ամբողջական ու անվերապահ մասնակցության իրանյան մեր հայրենիքի քաղաքական, մշակութային, ընկերային, տնտեսական կյանքի առավել զարգացման, բարգավաճման ընթացքին:

Ուրբաթ օրը բոլորիս համար լինելու է մի նոր փորձաքար. Ուստի եկեք արժեւորենք մեր քաղաքացիական իրավունքը խուռներամ մասնակցությամբ Խորհրդարանական ընտրություններին:

Իմ սրտագին կոչն է մեր ժողովրդի զավակներին, մանավանդ երիտասարդներին, որ մասնակցեն ընտրություններին իբրեւ հավատարիմ եւ հանձնառու քաղաքացիներ Իրանի Իսլամական Հանրապետության:

Ողջ լերուք ի Տեր եւ զորացյալք Ս. Հոգվով՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: