շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թեղուտ գյուղում բնակիչների եւ ոստիկանների միջեւ մեծ կռիվ է եղել․ «Հրապարակ»

Թեղուտ գյուղում բնակիչների եւ ոստիկանների միջեւ մեծ կռիվ է եղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Հուլիսի 25-ին Թեղուտ գյուղում բնակիչների եւ ոստիկանների միջեւ մեծ կռիվ է եղել։ Մի քանի մարդ ձերբակալվել է, որոնց թվում են նաեւ Թեղուտի վարչական ղեկավար՝ Դիլիջանի համայնքապետի նշանակած Արեն Մելիքսեթյանը, «Թեղուտ» ընկերության աշխատողներ։ Կռիվը եղել է անտառից բերված փայտանյութի շուրջ։   

Ըստ ոստիկանության վարկածի՝ ոստիկանության Թումանյանի բաժնի օպերլիազորը ծառայություն կատարելու ժամանակ բակերից մեկում փայտանյութով բարձված «ԶԻԼ» մեքենա է նկատել։ Հայտնել է բաժին, որից հետո օպերլիազոր, ոստիկանության մայոր Գեղամ Մաշինյանն այլ աշխատակիցների հետ մոտեցել է տանտիրոջը՝ Արման Աբգարյանին, եւ բացատրություն պահանջել։ 

Վերջինս պնդել է, որ փայտանյութն իրենն է, սակայն չի կարողացել ոստիկաններին համապատասխան փաստաթուղթ ներկայացնել։ Այդ միջոցին մոտեցել է Թեղուտ գյուղի վարչական ղեկավար Արեն Մելիքսեթյանը եւ «անհարկի միջամտելով ոստիկանության գործողություններին»՝ սկսել է համոզել ոստիկաններին, որ մեքենան բաց թողնեն, չտանեն բաժին։ Սակայն չի կարողացել եւ, ըստ քննչականի աղբյուրի, սկսել է սպառնալ մայորին, թե՝ «դե կտեսնես, դու դրա համար պատասխան ես տալու, գլուխդ ջարդելու եմ»։ Սակայն սրանով չի սահմանափակվել եւ երեկոյան իր «Մերսեդեսով» գնացել է Մաշինյանի տուն, պահանջել, որ դուրս գա, հայհոյել է եւ այլն։ Մոտեցել են նաեւ 3-4 երիտասարդ, բոլորով ծեծել են ոստիկանին, գետնին գցել, հարվածներ հասցրել ոտքերով ու ձեռքերով, մարմնական վնասվածքներ պատճառել։ Նկարագրության այս հատվածը հեքիաթային է հնչում։ Փաստորեն, գյուղացիներն առյուծի սիրտ են կերել՝ հարձակվելով ոստիկանության Ալավերդիում հայտնի բարձրաստիճան սպայի վրա։ Արեն Մելիքսեթյանն ու եւս 2 անձ, որոնք «Թեղուտ» ընկերության աշխատակիցներ են, ձերբակալված են։ 

Պաշտոնապես ՔԿ-ն հայտնում է, որ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, պարեկային ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու առերեւույթ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ՝ խուլիգանության, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի ներկայացուցչի նկատմամբ սպառնալիքի վերաբերյալ հոդվածներով։ 

Թեղուտի բնակիչները վստահեցնում են, որ մեղավորը ոստիկանության մայորն է եղել։ Առաջինը նա է ագրեսիվ վարք դրսեւորել ու գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ սեռական բնույթի հայհոյանքներով հարձակվել է Արեն Մելիքսեթյանի եւ մյուսների վրա։ Ոստիկանի՝ հարբած լինելու փաստը կարող է պարզել անհապաղ նշանակված եւ անցկացված դատաքիմիական փորձաքննությունը։ Մեր տեղեկություններով՝ Արեն Մելիքսեթյանը պահանջել է նման փորձաքննություն, նա նաեւ վստահեցնում է, որ փայտանյութն օրինական է, «օրենքով» հատված, եւ դատախազությունից պահանջել է սույն գործը տեղափոխել Հակակոռուպցիոն կոմիտե, քանի որ Լոռու քննչական վարչության Թումանյանի բաժինը կաշկանդված է լինելու այն փաստով, որ տուժող ճանաչված անձը՝ Գեղամ Մաշինյանը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում աշխատող բարձրաստիճան սպա է՝ ոստիկանության մայոր։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: