ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնում համապատասխան սարքավորումներ կտեղադրվեն

Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնում համապատասխան սարքավորումներ կտեղադրվեն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնում պահպանման սարքավորումների տեղադրման ծրագրի նպատակով՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագիր ստորագրվեց։ 

Ծրագրի իրականացման նպատակով կտրամադրվի ավելի քան 90 հազար դոլար։

ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանի խոսքով՝ սարքավորումների տրամադրումը կնպաստի հայկական ժառանգության և մշակույթի տարածումը օտարերկրացիների և տեղացիների շրջանում։

«Ինչպես գիտեք, ՀԲԸՄ-ի հիմանական առաքելություններից մեկը մեր ազգի ժառանգությունը պահպանելն ու տարածելն է: ՀԲԸՄ այս աշխատանքի մեջ է 117 տարի, եկեղեցին այս նույն աշխատանքը անում է 1000-ամյակներ և եկեղեցու արած աշխատանքն անգնահատելի է մեր ազգի համար: Կարևոր է, որ այս նոր կենտրոնը, որը պետք է լրացվի նոր սարքավորումներով, և՛ օտարերկրացիների, և մեր հայրենակիցների համար անհրաժեշտություն է: Ճապոնիայի կառավարությունը, ի դեմս Հայաստանում Ճապոնիայի դեսպանության, ցուցաբերում է քաղաքակրթության ամենաբարձր դրսևորում: ՀԲԸՄ-ն ուրախ, հպարտ և երախտապարտ է, որ ծրագրի մաս է»,- ասաց ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանը:

 

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնում պահպանման սարքավորումների տեղադրման ծրագրի ստորագրման արարողությանը։

«Ծրագրի շրջանակներում Ճապոնիայի դրամաշնորհային աջակցությունը ծառայելու է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի թանգարաններում պահպանվող մշակությային ժառանգության պահպանման անհրաժեշտ գործիքների և սարքավորումների տրամադրմանը: Ծրագրի շնորհիվ այցելուները հնարավորություն են ունենալու ծանոթանալ ավելի շատ մշակութային գործերի, ինչպես նաև այն  ավելացնելու է թանգարան այցելած մարդկանց թիվը ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից»,- նշեց դեսպանն՝ ընդգծելով, որ և՛ Ճապոնիան, և՛ Հայաստանը ունեն հարուստ և հնագույն մշակույթ: Դեսպանի համոզմամբ՝ այս քայլը նպաստում է երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը: 

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն էլ նշեց, որ ճիշտ է՝ Հայաստանն ու Ճապոնիան իրարից հեռու են, սակայն երկու երկրներին միավորող կարևոր օղակ կա. վերաբերմունք ազգային ինքնության և մշակույթի նկատմամաբ: Նախագիծը կնպաստի նաև փորձագետների վերապատրաստմանը, ինչպես նաև մշակույթի և ավանդույթների ոլորտում կրթական փորձի խթանմանը: 

  • Կիսվել: