հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Հայաստան. նա կմասնակցի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին

Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Հայաստան. նա կմասնակցի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին

Հոկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը:

Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարան, ուր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ, կատարվել է «Հրաշափառի» արարողություն։

Մուշեղ Սրբազանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունել և բարի գալուստ է մաղթել Սահակ Պատրիարքին։
Այնուհետև Պոլսո Հայոց Պատրիարքը, գոհություն վերառաքելով առ Աստված վերստին հայոց հոգևոր կենտրոնում գտնվելու համար, իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Սուրբ Էջմիածնի միաբանությանը։
Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:

 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: