երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ճապոնիայի ավերիչ երկրաշարժից 11 տարի անց. Սպիտակում հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին

Ճապոնիայի ավերիչ երկրաշարժից 11 տարի անց. Սպիտակում հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման մարտի 11-ին այցելել են Լոռու մարզի Սպիտակ քաղաք՝  ծաղիկներ խոնարհելու 2011 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին և 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Նրանց ուղեկցել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանը, հոգևորականներ, վարչության աշխատակիցներ, ինչպես նաև՝ քաղաքի բնակիչներ:

9,0 մագիտուդով երկրաշարժը Ճապոնիայի հյուսիսարևելյան շրջանում տեղի է ունեցել 2011 թվականի մարտի 11-ին: Այն առաջացրել էր վիթխարի ցունամի, որի ալիքների բարձրությունը կազմել էր 10-15 մետր: Զոհված և անհետ կորած է համարվում ավելի քան 18 հազար մարդ:

Ողջունելով հյուրերին և ներկաներին՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ Ճապոնիայում գրանցված երկրաշարժն իր բնութագրով նման էր Սպիտակի աղետին: Նա ընդգծել է, որ 1988-ին Ճապոնիայի կառավարությունն ու բնակչությունն առաջիններից էին, որ ձեռք մեկնեցին Հայաստանին՝ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությամբ:

«Առ այսօր Ճապոնիայի կառավարությունն ու ժողովուրդը կանգնած են մեր կողքին: Տարբեր բարեգործական ծրագրերով օգնում են մեզ և ԱԻՆ-ի միջոցով  կարողանում են ծրագրեր մշակել և օգտակար լինել մեր երկրին: Մենք համոզվեցինք, որ տարերային աղետների դեպքում ժողովուրդներն ու պետություններն ի զորու չեն միայնակ պայքարել»,- նշել է նախարար Ա. Փիլոյանը:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման էլ իր հերթին նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Նա իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին Ճապոնիայի կողքին լինելու համար: Դեսպան Ֆուկուշիման  շնորհակալություն է հայտնել նաև գնդապետ Գաբրիելյանին, ով նախձեռնել էր խաչքարի կառուցումը:

«Այս  խաչքարը երկու ժողվուրդների բարեկամության խորհրդանիշն է: 2011 թվականի երկրաշարժից հետո Հայաստանն ու Ճապոնիան սկսեցին սերտ համագործակցություն Աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում: Չնայած աշխարհագրական դիրքով մեր երկրները միմյանցից շատ հեռու են, սակայն կան շատ նմանություններ՝ գեղեցիկ լեռներ, երկրաշարժեր: Հույս ունեմ, որ ԱՌՆ ոլորտում համագործակցությունը կշարունակի մնալ մեր հարաբերությունների հենասյունը»,- եզրափակել է դեսպանը:

  • Կիսվել: