կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի որդին Երևանում է ծառայում

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի որդին Երևանում է ծառայում

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի որդին՝ Բենիամին Ղալումյանը, ծառայում է Երևանում` Նուբարաշենի զորամասում: Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատելու համար Հետքը հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն, սակայն հարցումը ստանալուց ավելի քան 1,5 ամիս անց ՊՆ-ն հրաժարվեց հայտնել Բենիամին Ղալումյանի ծառայության վայրը:

Կայքը հարցրել էր, թե վերջինիս զինծառայության վայրն ինչպե՞ս է ընտրվել, ինչո՞ւ է վերջինս զորակոչվել Երևան կամ երևանամերձ զորամաս, ինչպես նաև տեղեկություն, թե զորակոչիկն ի՞նչ ստորաբաժանումում է ծառայում և զինվորական ի՞նչ մասնագիտություն ունի:

Զինված ուժերի գլխավոր շտաբի ուղարկած պատասխանից հասկանալի էր միայն այն, որ վերջինիս զորակոչման վայրը վիճակահանության սկզբունքով է ընտրվել, իսկ մնացած հարցերը շտաբում համարել են պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ, հետևաբար մերժել են պատասխանել:

Այնուհանդերձ Բենիամին Ղալումյանի սոցիալական ցանցերի էջերն ուսումնասիրելուց հասկացանք, որ վերջինիս զինծառայությունն իսկապես Երևանում է անցնում՝ Նուբարաշենի զորամասում:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը որևէ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում նրանում, որ որդին Երևանում է ծառայում: Ասում է` նա վիճակահանության սկզբունքով է հայտնվել այդ զորամասում:

«Երեխան տվյալ տեղն է քաշել, էնտեղ էլ ծառայում է»,- ասաց նա: Ղալումյանը նույնիսկ զարմացավ, որ ՊՆ-ից հրաժարվել են գաղտնազերծել որդու ծառայության վայրը:

  • Կիսվել: