շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տարածքը, որտեղ պետք է կառուցվի Հակակոռուպցիոն կոմիտեի շենքը, դամբարանադաշտ է. աշխատանքները կանգ են առել

Տարածքը, որտեղ պետք է կառուցվի Հակակոռուպցիոն կոմիտեի շենքը, դամբարանադաշտ է. աշխատանքները կանգ են առել

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում «Գնման գործընթացը կազմակերպելու մասին»  որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Աջափնյակ համայնքի Սիլիկյան թաղամաս 12-րդ փողոց N 86 հասցեի շուրջ 15 հեկտար հողամասում Հակակոռուպցիոն կոմիտեի վարչական շենքի կառուցման նպատակով կնքված պայմանագրերում փոփոխությունների կատարման անհրաժեշտությամբ։

Նախագծանախահաշվային փաստաթղթերի համալիր փորձաքննության շրջանակներում «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման» փուլում պարզվել է, որ շուրջ 15 հեկտար հողամասը հանդիսանում է հուշարձանային գոտի (համաձայն առկա քարտեզների տարածքը հանդիսանում է դամբարանադաշտ)։

Խնդրի պարզաբանման, անհրաժեշտ ուսումնասիրություն կատարելու և կարգավորման ուղիներ փնտրելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն հարցը քննարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։

ԿԳՄՍՆ-ն էլ իր հերթին դիմել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ին։ Վերջինիս կողմից կատարվել է տարածքի նախնական ուսումնասիրություն, և տարածքում դամբարանների առկայությունը պարզելու նպատակով առաջարկել է կատարել գեոռադարային հանույթ։

ՀՀ կառավարության որոշմամբ 10 մլն դրամ արդեն իսկ հատկացվել է վերոնշյալ ծառայությունը ձեռբերելու նպատակով:

Նշված միջոցառումը կտևի շուրջ 3 ամիս՝ պայմանով, որ բարենպաստ կլինեն նաև բնակլիմայական պայմանները, ինչից հետո կիարականացվի նյութերի վերլուծություն (ևս շուրջ 1 ամիս) և տարածքում հուշարձաններ չհայտնաբերելու դեպքում պետք է իրականացվի համապատասխան գործընթաց՝ համաձայն որի պետք է շրջանառվի կառավարության որոշման նախագիծ, որով նշված հուշարձանը կհանվի հուշարձանների հաստատված ցանկից, ինչից հետո միայն հնարավոր կլինի ստանալ շինարարության թույլտվությունը և մեկնարկել շինարարական աշխատանքները։

Նշված գործընթացը նախնական գնահատմամբ կտևի ընդհանուր շուրջ 6 ամիս:

Աշխատանքների մեկնարկի անհնարինությամբ պայմանավորված կապալառու կազմակերպության նկատմամբ պարտավորություններ սահմանելը, բանկային երաշխիքներով ծանրաբեռնելը և կանխավճարի տրամադրումը համարում ենք ոչ նպատակային և ռիսկային՝ հետագայում դրանից բխող իրավական պահանջներով ու հետևանքներով՝ ընդհուպ մինչև պայմանագրի լուծման դեպքում կորցրած շահույթի փոխհատուցումը։

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Սիլիկյան թաղամաս 12-րդ փողոց N 86 հասցեի շուրջ 15 հեկտար հողամասում Հակակոռուպցիոն կոմիտեի վարչական շենքի կառուցման աշխատանքները՝ տարածքի ուսումնասիրությունից հետո։

  • Կիսվել: