կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումներում ամեն տարվա ստաժի դիմաց հաշվարկել 2 տոկոս հավելավճար

Առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումներում ամեն տարվա ստաժի դիմաց հաշվարկել 2 տոկոս հավելավճար

Ազգային ժողովը քննարկում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում այս պահին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում աշխատողներն իրենց յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի դիմաց չեն ստանում հավելավճար, ու չեն ավելանում նրանց գործակիցները:

Այսպես, նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի դիմաց հաշվարկել 2 տոկոս հավելավճար:

«Նախագծային այս փաթեթի փոփոխությունն առաջարկվում է ուժի մեջ դնել 2024 թվականի հուլիսի 1-ից»,- ասաց Սարգսյանը:

Հաջորդ փոփոխությունը. ՀՔԾ լուծարման շրջանակում աշխատակիցները տեղափոխվել են ոչ միայն Հակակոռուպցիոն կոմիտե, այլև դատախազություն և այլ քննչական մարմիններ:

«Խնդիր էր առաջանում այն տեսանկյունից, որ նրանց աշխատանքային ստաժը չէր դիտարկվում հավելավճարի կոնտեքստում: Առաջարկվում է այս սոցիալական երաշխիքը ևս վերականգնել այն աշխատակիցների համար, որոնք տեղափոխված կլինեն դատախազություն կամ քննչական մարմին»,- ասաց նա:

  • Կիսվել: