հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սուքիասյաններն ու վրացի գործարարները Հայաստանի վառելիքի շուկայում նոր ընկերություն են հիմնում․ «Հետք»

Սուքիասյաններն ու վրացի գործարարները Հայաստանի վառելիքի շուկայում նոր ընկերություն են հիմնում․ «Հետք»

2023 թվականի նոյեմբերի 29-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց «Մեգա Թրեյդ» և «Անիս Փետրոլեում» ընկերությունների կողմից նոր իրավաբանական անձի հիմնադրման միջոցով Հայաստանի նավթամթերքի շուկայում տեղի ունեցած նոր գործարքի մասին։ Նշված երկու ընկերությունների միավորմամբ ստեղծված ընկերությունը պետք է գործի Gulf ապրանքային նշանի ներքո։ Գրում է «Հետք»-ը։

«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն պատկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Այդ ընկերությունը մտնում է «Սիլ Կապիտալ» ընկերությունների խմբի մեջ, որի սեփականատերը Սուքիասյան ընտանիքն է։ Ինչ վերաբերում է «Անիս Փետրոլեում»-ին, ապա այս ընկերության արմատները հասնում են մինչև Բրիտանական Վիրջինյան կղզիներ, որը օֆշորային գոտի է։ Այս ընկերության հետևում էլ վրացի գործարարներ են։

Ինչպես Սուքիասյանները հայտնվեցին Հայաստանի նավթամթերքի շուկայում

Նավթամթերքի շուկա Սուքիասյանների մուտքի մասին հայտնի դարձավ 2021 թվականին։ Այդ մասին հաղորդեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ «Սիլ կոնցեռն» ընկերությունը ձեռք է բերել «Ռան-Օյլ» ընկերությունը։ Հետագայում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունից պարզ դարձավ, որ «Ռան-Օյլ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 2022 թվականի ապրիլի 29-ից պատկանում է «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ին։

Այս ընկերությունն էլ հիմնադրվել է 2020թ․ փետրվարի 7-ին և տարբեր ժամանակահատվածներում տարբեր բաժնետերեր է ունեցել, որոնց մեծ մասը հիմնականում հենց Սուքիասյանների շրջապատից է։ Օրինակ՝ «Մեգա Թրեյդի» 15 տոկոս բաժնեմասի սեփականատեր Հակոբ Ալեքսանյանը 20 տոկոս բաժնեմաս ունի նաև Սուքիասյաններին փոխկապակցված մեկ այլ ընկերությունում՝ «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ում։ «Մեգա Թրեյդ»-ի 20 տոկոս բաժնեմասի սեփականատեր Գարեգին Մկրտչյանը 2022 թվականին Խաչատուր Սուքիասյանի խնամի Գագիկ Ծառուկյանից ձեռք է բերել «Կոտայք» գարեջրի գործարանը, որի 45 տոկոսը պատկանում է Արամայիս Գրիգորյանին, մնացած 20 տոկոսն էլ՝ ծագումով իրանցի Արաշ Նոսրաթիալամդարիին։

Նավթամթերքի շուկայում հենց «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն է ներկայացնում «Ռան-Օյլ» ապրանքանիշը, քանի որ բենզալցակայաններում տպվում է «Մեգա Թրեյդ»-ի ՀԴՄ կտրոնը։ «Ռան-Օյլ»-ը ձեռք բերելուց հետո «Մեգա Թրեյդ»-ն ակտիվորեն ներգրավվել է նաև պետական գնումներում և մի քանի անգամ խոշոր պայմանագրեր կնքել պետական գերատեսչությունների հետ»։

Ովքեր են Սուքիասյանների բիզնես գործընկերները և ինչ կապ են ունեցել «Ռոսնեֆտի» հետ

Մինչև «Մեգա Թրեյդի» հետ համագործակցությունը «Անիս Փետրոլեում» ՍՊԸ-ն նախկինում ևս փորձել է մուտք գործել Հայաստանի վառելիքի շուկա։ Այդ մասին պաշտոնապես հայտարարվել էր 2021-ի տարեվերջին։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այն ժամանակ ազդարարել էր Հայաստանի նավթամթերքի շուկա նոր խաղացողի մուտք գործելու մասին։ Մասնավորապես, ըստ Գևորգյանի հայտարարության՝ «Անիս Փետրոլեում» և «Պորիմա Էներջի Սոլյուշնս» փոխկապակցված ՍՊԸ-ները ձեռք են բերել «Պետրոլ մարկետ» ընկերության 100 տոկոս ակտիվները։ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ ընկերությունները վրացական կապիտալով էին, հանդիսանում էին Gulf ապրանքային նշանի իրավատերը: Սակայն, ինչպես տեսնում ենք, Գևորգյանի հայտարարությունից միայն երկու տարի անց վրացական կապիտալով այդ ընկերությունները նոր-նոր փորձ են անում մտնել շուկա, այն էլ՝ իշխող կուսակցության գործարար-պատգամավորի հովանու ներքո։

«Անիս Փետրոլեում» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021 թվականի մայիսի 6-ին։ Ըստ ընկերության իրական շահառուների հայտարարագրի՝ ՍՊԸ-ում 53,1 տոկոս անուղղակի մասնակցություն ունի Վրաստանի քաղաքացի Իվանե Նակաիձեն, իսկ 38,1 տոկոս անուղղակի մասնակցություն՝ Շվեդիայի քաղաքացի, ծագումով վրացի գործարար Դավիդ Յակոբիշվիլին։ 

Ընկերության ուղղակի սեփականատերը Կիպրոսում գրանցված «Պորիմա Լիմիթեդ» ընկերությունն է։ Այն իր հերթին պատկանում է Բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորում գրանցված Petrocas Energy Limited ընկերությանը, որը պատկանել է Դավիդ Յակոբիշվիլիին։ 2014 թվականի դեկտեմբերին ռուսական նավթային հսկա «Ռոսնեֆտը» Յակոբիշիվիլիից ձեռք բերեց ընկերության 49 տոկոս բաժնետոմսերը։ Գործարքի արժեքը կազմել էր 144 միլիոն եվրո։ 8 տարվա համագործակցությունից հետո Յակոբիշվիլիի և «Ռոսնեֆտի» ճանապարհները բաժանվեցին։ 2022 թվականի մայիսին Petrocas Energy Group-ը հայտնեց, որ «Ռոսնեֆտը» վաճառել է իր բաժնետոմսերը։ Ռուսական նավթային հսկային պատկանող 49 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերեց Petrocas Energy Group-ի գլխավոր տնօրեն Իվանե Նակաիձեն։ 

Petrocas Energy Group-ը զբաղվում է նավթամթերքի փոխադրումներով՝ դեպի Վրաստան, Կասպյան ավազան, Կենտրոնական Ասիա և Աֆղանստան։ Ընկերությանն է պատկանում նաև Gulf Georgia-ն, որը Վրաստանի ամբողջ տարածքում ունի 150 բենզալցակայան, որոնցից 47-ը՝ մայրաքաղաք Թբիլիսիում։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: