Ստիպում էին, չէիր կարող չկարդալ. Հակոբ Ինջիղուլյանը հիշում է՝ 3 զինված ադրբեջանցի ինչպես էին հսկում հարցազրույցի ժամանակ
2013-ի օգոստոսին մոլորվելու հետեւանքով Ադրբեջանում հայտնված եւ բազմաթիվ փորձություններ հաղթահարելուց հետո երրորդ երկիր տեղափոխվելու միջոցով 2014-ի հոկտեմբերին Հայաստան վերադարձած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը դիտել է հայ սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ երեկ հրապարակված տեսանյութը եւ վստահ է, որ սպան այդ տեքստը ոչ անձամբ գրել է, ոչ էլ իր կամքով կարդացել. ըստ Ինջիղուլյանի՝ Ալավերդյանին ակնհայտորեն սպառնացել են:
Հակոբ Ինջիղուլյանի եւ Գուրգեն Ալավերդյանի դեպքերը նման են ոչ միայն նրանց մոլորվելու հանգամանքներով պայմանավորված, այլ այն պատճառով, որ Ինջիղուլյանին եւս ժամանակին սպառնալիքներով ստիպում էին տեքստեր արտասանել: Նրան, մասնավորապես ստիպել էին ասել, որ իր դասակի հրամանատարը հարբած վիճակում իրեն ստիպել է մթին գնալ եւ ջուր բերել, որի պատճառով էլ ինքը մոլորվել է եւ հայտնվել ադրբեջանական տարածքում:
Ստորեւ Armtimes.am-ի զրույցը Հակոբ Ինջիղուլյանի հետ.
- Հակոբ, տարիներ առաջ դուք մոլորվեցիք եւ հայտնվեցիք Ադրբեջանում: Այնտեղ ձեզ ինչ-որ հարցազրույցներ էին պարտադրվում, որոնց մասին դուք խոսեցիք Հայաստան վերադառնալուց հետո միայն: Մեկ տարուց ավելի պահանջվեց, որ դուք հասնեք նրան, որ ձեզ երրորդ երկիր տեղափոխվեն, որտեղից էլ գաք Հայաստան: Վստահ եմ՝ տեղյակ եք, որ հայ սպա է հայտնվել Ադրբեջանում, դիտե՞լ եք նրա մասնակցությամբ տեսանյութը, ի՞նչ կարծիք ունեք:
- Ես այսօր առավոտյան նայեցի, պարզ կարող ենք համեմատել իմ դեպքի հետ: Կարող եմ ասել, որ ինքը կարդում էր այդ ամենը, որովհետեւ ինքը լինելով սպա, չի կարող կմկմալով խոսել, առավելեւս կարդալ:
- Հավանաբար նկատել եք, որ իրականում տեքստն էր շատ անգրագետ հայերենով գրված: Ըստ ձեզ Ադրբեջանում նորմալ հայերեն իմացող չկա՞, որ բառերի վերջավորությունը ճիշտ գրեր, թե՞ հատուկ էր արված:
- Հայերեն խոսողներ կան, բայց գրավոր տեքստին հավանաբար չեն տիրապետել:
- Գուրգեն Ալավերդյանը հրապարակեց իր հասցեն, քաղաքի անունը, զորամասի հասցեն եւ այլ գաղտնի տվյալներ: Այդպիսի տվյալներ չհրապարակելու հնարավորություն լինո՞ւմ է գերության մեջ:
- Չէ, ես էլ եմ ասել, թե որտեղ եմ ծնվել, որ դպրոցն եմ հաճախել, ստիպում էին, չէիր կարող չասել: Հավանաբար ստիպել են, ինքն էլ իր կյանքի մասին մտածելով կարդացել է, ցանկացած մարդ էլ էդպես կվարվեր: Որովհետեւ չես կարող խաբել իրենց, կարող է բռնվես:
- Իսկ ի՞նչ են անում՝ բռնվելու դեպքում:
- Իմ պարագայում կարող էր գնդակահարության հասցվեր: Էդպես էին սպառնում:
- Ինչպե՞ս էին սպառնում: Կադրի մյուս կողմը չի երեւում, կադրում միայն սպան է: Ի՞նչ տեսարան կարող է լինել կադրից դուրս:
- Իմ պարագայում կամերայի հետեւում մի հոգի հայերեն խոսող մարդ էր, որը ստիպում էր ոնց ասեմ, ոնց չասեմ՝ էն կեղծ հարցազրույցների ժամանակ: Մեկ էլ զենքերով մի քանի զինվոր էին կանգնած կամերայի հետեւի մասում:
- Զենքը խոսողի վրա ուղղա՞ծ:
- Հա, հա, էդպես:
- Հակոբ, Դուք շատ արագ 3-րդ երկիր տեղափոխվելու ցանկություն հայտնեցիք, ինչը բավարարվեց: Գուրգեն Ալավերդյանը ե՞րբ կկարողանա նման հարց բարձրացնել:
- Երբ որ Կարմիր խաչը այցելի, այդ ժամանակ: Եթե իհարկե թույլ տան իրեն:
- Կարմիր խաչի հետ զրույցը վերահսկվո՞ւմ է, կարող են թույլ չտա՞լ:
- Կարող են թույլ չտալ, կարող են մինչեւ Կարմիր խաչի այցելելը իրեն ասել՝ ինչ պիտի խոսի:
- Իսկ եթե հակառավի՝ կարող են Կարմիր խաչի այցից հետո պատժե՞լ:
- Ամեն ինչ էլ սպասելի է իրենցից:
- Ձեր կարծիքով այս պահին ի՞նչ հնարավորոթյուն կա նրան վերադարձնբելու համար, պետությունը, միջազգային կառույցները ի՞նչ պետք է անեն:
- Փոխանակում պետք է լինի կամ երրորդ երկրի տարբերակը, դժվարանում եմ ասել:



