հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ստեղծված իրավիճակը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին. Թորոսյանը՝ Ախալքալաքի իրադարձությունների մասին

Ստեղծված իրավիճակը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին. Թորոսյանը՝ Ախալքալաքի իրադարձությունների մասին

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հանդարտության կոչով՝ ուղղված Ջավախքի մեր հայրենակիցներին՝ օգոստոսի 8-ին Ախալքալակում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ կապված:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Խոր ցավով և մեծ անհանգստությամբ տեղեկացանք օգոստոսի 8-ին Ախալքալակ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, որի հետևանքով սպանվել է մեկ երիտասարդ, կան վիրավորներ, տեղի են ունեցել ավերածություններ, հրդեհվել են տներ, ջարդվել են մեքենաներ։

Բարեկամ Վրաստանի և մասնավորապես Ջավախքի տարածաշրջանի ներքին կայունությունն ու միասնականությունը կենսական անհրաժեշտություն է հայկական և վրացական պետությունների համար։ Ուստի կոչ ենք անում պահպանել հանդարտություն, չտրվել սադրանքների, ձեռնպահ մնալ ստեղծված շոկային իրավիճակում որոշումներ կայացնելուց և քայլեր կատարելուց, որոնք կարող են պատճառ դառնալ նոր ողբերգությունների և անդառնալի կորուստների։

Սիրելի՛ հայրենակիցներ, ստեղծված իրավիճակը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին, ովքեր իրենց որջերում նստած կփորձեն խորացնել անկայունությունը և օգտվել դրանից։ Մեր տարածաշրջանի ներկայիս լարվածության պայմաններում Հայաստանի և Վրաատանի սահմաններին ցանկացած պահի կարող է պատերազմական իրավիճակ ստեղծվել։ Խիզախ ջավախքցու կռվելու անսահման ոգեղեն էներգիան միմիայն նման դեպքերում պետք է օգտագործվի, իսկ այս ողբերգական իրադարձությունների հանգուցալուծումը պետք է տան միմիայն Վրաստանի իրավապահ մարմինները։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում կուլիկամցի սպանված երիտասարդի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին և ընկերներին՛՛։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 19։00-ի սահմաններում, «Խաս Բախչա» այգու մոտակայքում տեղի է ունեցել խոշոր միջադեպ, կան զոհեր։

Նշվում է, որ երիտասարդների ամբոխը կոտրել է հյուրանոցի դռներն ու պատուհանները, ինչից հետո հրդեհ է բռնկվել։

Ըստ JNEWS-ի, պատճառները մասին հստակ տեղեկություն չկա, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, ջարդերը սկսվել են Կուլիկամ գյուղից երիտասարդի սպանության պատճառով:

Նշվում է, որ ջարդերը շարունակվում են Մյասնիկյան փողոցում, որտեղ ամբոխը հրկիզել է հյուրանոցի սեփականատիրոջ տունը:

Դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ աշխատակիցներն ու հատուկ ծառայությունը։

 

  • Կիսվել: